Ռուսաստանի գլխավոր դատախազությունն «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել Transparency International կառույցը, որը հրապարակել է Դաշնությունում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիայի հարյուրավոր դեպքերի մասին հաղորդագրություններ և վերլուծություններ:
Գլխավոր դատախազությունը հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ «Transparency International կազմակերպությունը սպառնալիք է Ռուսաստանի սահմանադրական կարգի համար, քանի որ ի պաշտոնե հանդես գալով իբրև կոռուպցիայի դեմ պայքարող կառույց՝ միջամտում է երկրի ներքին գործերին»:
«Տվյալ կազմակերպության գործունեությունն ակնհայտորեն դուրս է գալիս հայտարարված նպատակների և խնդիրների շրջանակներից», - ասվում է գլխավոր դատախազության հրապարակած եզրակացությունում:
Մոսկվան վաղուց է բացահայտ թշնամական կեցվածք որդեգրել այդ կազմակերպության նկատմամբ: Դեռ 2015 թվականին կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչությունը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:
Transparеncy International-ը միջազգային ոչ-կառավարական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում: Այն պայքարում է կոռուպցիայի դեմ, վերլուծում է աշխարհի երկրներում կոռուպցիայի երևույթները և կազմում ու հրապարակում է կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսը (համաթիվը):
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ունի ցանկացած արտասահմանյան կամ միջազգային կազմակերպություն «անցանկալի» ճանաչելու լիազորություն: Այդ որակումը ստացած կառույցները զրկվում են Ռուսաստանում գործունեություն վարելու իրավունքից: Պահանջը չկատարելու դեպքում իշխանությունները կարող են վարչական կամ քրեական հետապնդում նախաձեռնել:
Ռուսաստանում մոտ յոթ տասնյակ կազմակերպություններ «անցանկալի» են ճանաչվել: Դրանց թվում են "Проект" և "Важные истории" կայքերը, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» կենտրոնը (OCCRP), որը միավորում է հետաքննող լրագրողներին, գերմանացի աշխարհահռչակ գրող Հայնրիխ Բյոլի հիմնադրամը, խորհրդային այլախող, աշխարհահռչակ ֆիզիկոս և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի հիմնադրամը, այլ կառույցներ:
Անցյալ տարվա նոյեմբերին Պետական դումայի հանձնաժողովը, որը քննում է Ռուսաստանի ներքին գործերին օտար երկրների միջամտության հանգամանքները, կոչ է արել «անցանկալի» և «ծայրահեղական» ճանաչել մի քանի տասնյակ կառույցներ:
Հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը հայտարարել է, թե այդ կազմակերպությունները «ենթարկվում են ՆԱՏՕ-ի երկրներին և Ռուսաստանը կազմաքանդելու նպատակ են հետապնդում»:
Ըստ Transparency International-ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվի՝ Ռուսաստանը 180 երկրների ցանկում զբաղեցնում է 137-րդ տեղը: