Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրում գերմանական Deutsche Welle-ի աշխատանքը դադարեցնելու մասին։
Պաշտոնական Մոսկվան այդ քայլով պատասխանում է Գերմանիայում ռուսաստանյան պետբյուջեից հովանավորվող RT (Russia Today) DE YouTube ալիքի հեռարձակման արգելքին։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ կչեղարկի Deutsche Welle-ի ռուսաստանյան բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրերը, կփակվի թղթակցային գրասենյակը, կդադարեցվի արբանյակային և այլ հեռարձակումները, ինչպես նաև կնախաձեռնվի ընկերությանը որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթաց։
Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ մտադիր է պարզել և ցուցակագրել Գերմանիայի պետական և հանրային կառույցների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են ռուսաստանյան պետական հեռուստաընկերության գերմանալեզու ալիքի հեռարձակումը սահմանափակելու և «ռուսական մեդիա օպերատորի վրա այլ ճնշումներ գործադրելու մեջ»։ Նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի։ Ռուսական կողմը հայտնում է, որ թվարկել է միայն առաջին փուլի միջոցառումները։
Deutsche Welle-ն դեռ չի մեկնաբանել Ռուսաստանի իշխանությունների որոշումը։