Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներն առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան, այսօր Բեռլինում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլը՝ շեշտելով Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:
Ըստ Հայաստանի կառավարության՝ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել խմբի անդամների հետ։
Վարչապետը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
Կողմերը խոսել են երկկողմ կապերից, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից: Վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը: Ընդգծվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով երեկ է ժամանել Բեռլին, հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Բանակցությունների ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, խոսելով հայ - ադրբեջանական կարգավորումից, Շոլցը երկու անգամ շեշտել է՝ ինչպես տարածքային ամբողջականությունն, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց. Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են