Փետրվարի 6-7֊ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։
Իր հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և ՀՀ֊ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ասված է հաղորդագրությունում: