Գերմանիայի կանցլերը կարևորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բեռլինում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում խոսելով հայ - ադրբեջանական կարգավորումից, Օլաֆ Շոլցը երկու անգամ շեշտեց՝ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ, ի բարօրություն մարդկանց լուծման։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», - հայտարարեց կանցլերը:
Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը նաև կփաստաթղթավորվի, Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանի ու Բրյուսելի օրակարգում նաև անվտանգային բաղադրիչը հաշվի առնելով նոր պայմանագրի հարց է քննարկվում։
Եվրոպացի դիտորդների թվի ավելացումը չբացառեց Շոլցը։ Անցած տարվա կարճաժամկետ ներկայությունից հետո Եվրամիությունը նոր՝ այս անգամ երկամյա ու ավելի բազմամարդ առաքելություն է գործուղել հայ - ադրբեջանական սահման՝ դիտարկումների։ 100-հոգանոց առաքելությունն արդեն սկսել է աշխատանքը։
«Այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք ունենք նաև պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և միսիան կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ նաև, որ մոնիտորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ մենք առաջիկայում հնարավոր է ստորագրենք: Առաջիկան՝ երբ որ մենք կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Վարչապետին հարցրեցին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները Հայաստանի միջոցով շրջանցելու հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանը բացառեց ստվերային քայլերը. - «Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին՝ ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունը ուղիղ հակառակն է, և ես պիտի ձեզ բերեմ մի օրինակ, որ անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է վերցրել կամ իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ»:
Գերմանիայի կանցլերն էլ հատուկ շեշտեց, որ Հայաստանի ղեկավարի հետ բանակցություններում քննարկել են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների շրջանցման թեման. - «Բնականաբար, մենք խոսել ենք այս հարցի շուրջ, Գերմանիան հետևում է իրավիճակին»։
Գերմանացի լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի դատապարտում Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա։ Վարչապետը խուսափեց ուղիղ պատասխանից։
«Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հարթակներում դրսևորի իրեն որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մենք այս ուղղությամբ արել և անում ենք շատ տեսանելի քայլեր։ Մեր սկզբունքային այս դիրքորոշումը շարունակվելու է պահպանվել», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ու Շոլցը նախորդ անգամ հանդիպել էին անցած հոկտեմբերին՝ Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, քննարկել հարավկովկասյան գործընթացները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի, Հունաստանի վարչապետի հետԳերմանիա՝ կրկին աշխատանքային այց, Փաշինյանը երրորդ անգամ է կատարում։ Երեք տարի առաջ նա հանդիպեց կանցլեր Անգելա Մերկելին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցանկանում ենք ամենայն հաջողություն ձեր բարեփոխումներին». Անգելա ՄերկելԴա Մերկել-Փաշինյան առաջին հանդիպումը չէր. 2018-ի օգոստոսի վերջին Գերմանիայի կանցլերն էր Երևան այցելել, 2019-ի փետրվարի սկզբին էլ՝ Հայաստանի վարչապետը Բեռլին:
2019-ին Բեռլինում Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը խոսել էին ղարաբաղյան հակամարտությունից, պատերազմը առջևում էր, Հայաստանի վարչապետը պնդել էր, թե ինքը չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, Բաքուն պետք է խոսի Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանն ակնկալում է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ. ՓաշինյանԱշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետն այսօր այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:
Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներին և այլ թեմաների:
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Վաղը վարչապետ Փաշինյանը կհանդիպի նախագահ Շտայնմայերին։ Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ այս այցի շրջանակում տեղի կունենան այլ հանդիպումներ ևս, մասնավորապես՝ վարչապետը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։