Այսօր մեկնարկում է Հայաստանի վարչապետի եռօրյա աշխատանքային այցը Գերմանիա:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը մայրաքաղաք Բեռլինն է, որտեղ Հայաստանի ղեկավարին կընդունեն ամենաբարձր մակարդակով: Կանցլեր Անգելա Մերկելի հետ են նախատեսված բանակցություններ Երևանի ժամանակով ժամը 18-ին:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ պաշտոնական հանդիպումն է ունենում Եվրամիության առանցքային երկրներից մեկի` Գերմանիայի ղեկավարի հետ: Ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանը նորից Բեռլինում էր` հանդիպելու Անգելա Մերկելին: Գերմանիայի կանցլերն էլ, իր հերթին, Թավշյա հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսին այցելել էր Հայաստան:
Այսօրվա հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Մերկելը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով:
Բեռլինում այսօր նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Ապա վարչապետը կայցելի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի գրասենյակ, հանդես կգա ելույթով: Այս հիմնադրամը վերջին տարիներին ակտիվորեն գործունեություն է ծավալում նաև Հայաստանում։
Բեռլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին: Հեղինակավոր այս միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների:
Ավելի քան հիսուն տարի անցկացվող այս հավաքը աշխարհում անվտանգության ոլորտում թերևս ամենահեղինակավորն է: Այս անգամ Մյունխենում են լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարաչպետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու:
Մյունխեն է ժամանելու նաև Ադրբեջանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում, զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները: