Արցախն անհրաժեշտ է համարում միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնումը. Ստեփանակերտը հակադարձել է Բաքվին

Ստեփանակերտը հայտարարում է, թե Բաքվի ներկայացուցիչների հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը Արցախի կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել, և որ նման ձևաչափով շփումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին։

Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել «միջազգային միջնորդական ձևաչափը», հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։

Թեև կողմերի միջև նախկինում էլ շփումներ են եղել, սակայն Բաքուն հնչեղություն տվեց երեկվա հանդիպմանը՝ պնդելով, թե քննարկել են «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ Առաջին անգամ նաև հայտարարվեց, թե Բաքուն Ղարաբաղում ապրող հայերի հետ շփումների պատասխանատու է նշանակել՝ Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, ով բանակցություններից հետո վստահեցրել է՝ երկխոսությունը կայացած է։

Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Մամեդովը նաև հայտարարել է՝ իր հիմնական նպատակն է արագացնել Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրումն Ադրբեջանին։ Ադրբեջանի բանագնացը նաև շեշտել է, որ երեկվա ձևաչափով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին նախագահ Ալիևն անցած շաբաթներին Մյունխենում էր հայտարարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսությունը կայացած է համարումՄեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը՝ ԼՂ հայերի հետ շփումների պատասխանատու. Արցախում հանդիպել են Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները

Պաշտոնական Երևանը շարունակում է միջազգային տեսանելի մեխանիզմի փնտրտուքը

Մինչ Բաքուն Ստեփանակերտի հետ շփումները ներկայացնում է իբրև կայացած երկխոսություն, պաշտոնական Երևանը շարունակում է միջազգային տեսանելի մեխանիզմի փնտրտուքը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեն արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները։ Իսկ ինչ է նշանակում միջազգային տեսանելի մեխանիզմը, պաշտոնական Երևանը հստակ պարզաբանումներ մինչ օրս չի ներկայացրել։ Միայն նշվում է, որ աշխատում են այդ մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։

Անցած ամիս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել այս մասին՝ ասելով, որ Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա։

«Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն անվտանգությունը և իրավունքները: Թե դա ո՞ր ֆորմատով կկատարվի, դա չի առաջնայինը՝ առաջնայինը դա մեխանիզմի ստեղծումն է», - ասել էր Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Տոյվո Կլաարին ընդունել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

Ավելի ուշ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր անդրադարձել այս խնդրին՝ ասելով, որ Ադրբեջանը տևական ժամանակ խուսափում է արցախահայերի իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու նպատակով հարթակի ստեղծման շուրջ խոսակցությունից։

«Բլինքեն-Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիությունը այն մասին, որ այդ քննարկումները, այդ երկխոսությունը՝ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա», - նշել էր նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ». Արարատ Միրզոյան

«Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ինչպես տեսնում ենք, սկսված է»

Այսօր էլ իշխող ուժի պատգամավորների Լիլիթ Մինասյանն ասաց, թե Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային ձևաչափը որոշված չէ, քննարկումները շարունակվում են:

«Տեսանելի մեխանիզմը իրենից ենթադրում է գործընթացների թափանցիկություն, և այդ գործընթացների թափանցիկության շնորհիվ ոչ միայն արցախցի ժողովուրդն է համոզվելու, որ իրենց անվտանգությունները և իրավունքները ապահովված են, այլ նաև ամբողջ աշխարհը և նաև Հայաստանի Հանրապետությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մինասյանը:

«Իսկ ֆորմատը ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, դա ի՞նչ է ենթադրում՝ դա ինչ-որ մի առանձին կառո՞ւյց պետք է լինի, թե՞ Բաքվի և Ստեփանակերտի միջև էլ կարող է այդպես միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծվել», - այս հարցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արձագանքեց. - «Դեռևս քննարկումների փուլում է ֆորմատը, ձևաչափը, բայց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, ինչպես տեսնում ենք, սկսված է: Հումանիտար հարցերով են այժմ քննարկումները տեղի ունենում, և դա շատ ողջունելի է»:

Փորձագետները մտահոգված են

Հայաստանյան փորձագետները, մինչդեռ, մտահոգված են՝ Բաքուն փորձում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ոչ քաղաքական հարցերով շփումները ներկայացնել որպես ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծում։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանը երեկվա հանդիպումը հրապարակայնացրել և ակտիվորեն շրջանառել է ադրբեջանական մամուլում, ինչին, ի դեպ, արձագանքել է նաև Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` ասելով, թե լավ է, որ քննարկվել են ոչ միայն հրատապ խնդիրներ, այլև ավելի լայն հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կլաարը ողջունել է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը

«Ադրբեջանը փորձելու է արցախյան կողմի հետ տարբեր շփումները ներկայացնել որպես հենց այդ մեխանիզմի առկայություն կամ երկխոսության առկայություն և պարբերաբար տեղեկացնել, օրինակ, նույն միջազգային հանրությանը այդ շփումների մասին՝ փորձելով փոխարինել միջազգային կոմպոնենտը տեսանելիության սկզբունքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Գրիգորյանը:

Այս առումով, ըստ քաղաքագետի, հայկական կողմը բանակցություններում շեշտը պետք է դնի ոչ թե տեսանելիության սկզբունքի, այլ կոնկրետ միջազգային կոմպոնենտով մեխանիզմի առկայության վրա: «Որովհետև եթե չլինի որևէ միջազգային մեխանիզմ, ապա այդ ողջ գործընթացը դառնալու է հենց Ադրբեջանի կողմից ներկայացվող ինտեգրացիայի գործընթաց», - ընդգծեց Գրիգորյանը:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ սկսված գործընթացը միջազգային տեսանելի մեխանիզմների հետ որևէ աղերս չունի։ Այլ հարց է, որ Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե երկխոսությունը տեղի է ունենում, և միջազգային հավելյալ մեխանիզմի կարիք չկա։

Բաղդասարյանի համոզմամբ՝ մինչև Արցախի կարգավիճակի հստակեցումը, կարևոր է, որ միջազգային կազմակեպությունները, ավելի կոնկրետ՝ ՄԱԿ-ը, ունենան մշտական ներկայացվածություն՝ ամենօրյա մոնիտորինգ իրականացնելով տեղում. - «Մշտական ներկայացուցչություն ունենա՝ մշտական մոնիտորինգային խմբով, լայն լիազորություններով, մինչև կհստակեցվի Արցախի վերջնական կարգավիճակը, որը, բնականաբար, նույնպես պիտի ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ»:

«Այդ մեխանիզմի ստեղծումը ձախողման է դատապարտված»

Հայաստանյան ընդդիմությունը, մինչդեռ, վստահ է՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծման մասին խոսելով՝ իշխանությունը փորձում է խուսափել Արցախի հարցում իր պատասխանատվությունից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզված է՝ այդ մեխանիզմի ստեղծումը ձախողման է դատապարտված, որովհետև Ադրբեջանն ի սկզբանե նշում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ արցախահայերին էլ դիտարկում է որպես Ադրբեջանի քաղաքացիներ։

«Դրա համար էինք մենք ասում՝ եթե հիմքում դրվում է ինքնորոշման իրավունքը, դրա վրա կարող է կառուցվել որևէ մեխանիզմ», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Երեկվա հանդիպումը, ինչպես և նախկինում տեղի ունեցած նման շփումները, ըստ պաշտոնյաների, կազմակերպվել են ռուսական կողմի միջնորդությամբ։ Առայժմ ո՛չ Երևանից, ո՛չ Ստեփանակերտից չեն հստակեցնում՝ արդյոք ապագայում և՞ս Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պետք է լինի Մոսկվայի միջնորդությամբ, կամ թե ո՞ր կառույցը կամ պետությունն է ստանձնելու երկխոսության միջազգային երաշխավորի դերը։