Արձագանքելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանություններին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում պնդում է, թե «Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի ճանապարհի աշխատանքի թափանցիկությամբ, և դրա վկայությունն այն է, որ Երևանը շարունակում է շահարկել այդ խնդիրը»:
ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է, թե «ադրբեջանական կողմը մշտապես պնդել է, որ Լաչինի ճանապարհի օգտագործումը պետք է լինի օրինական և թափանցիկ, և այդ տրանսպորտային ուղու չարաշահումն անընդունելի է»:
Ըստ ԱԳՆ-ի՝ այդ նպատակով Ադրբեջանը հանդես է եկել ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետ տեղակայելու առաջարկով:
«Առաջարկն ընդունվել է միջազգային գործընկերների կողմից՝ որպես թափանցիկ մեխանիզմ և վստահության միջոց Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային փուլում հարաբերությունների կարգավորման գործում»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի դատարանը բավարարել է ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջը և պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:
Փետրվարի 23-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում դա անվանեց «չափազանց կարևոր որոշում», նշելով, որ միջանցքը չբացելու հանգամանքը պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների: