Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արդյունավետ չէ և բարեփոխման կարիք ունի:
Ալիևն այս մասին ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում, որի օրակարգում COVID-19 հիվանդության դեմ պայքարն է:
«Եվս մեկ կարևոր հարց, որն արդեն տարիներ շարունակ քննարկվում է աշխարհում, դա ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումն է: Անվտանգության խորհուրդն անցյալ է հիշեցնում և չի արտահայտում այսօրվա իրողությունները: Խորհուրդն այսօր արդյունավետ չէ, դրա կազմը պետք է ընդլայնել, որ այն լինի ավելի ներկայացուցչական և աշխարհագրության տեսակետից ավելի արդար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում մեկ տեղ պետք է տրվի Չտարածման շարժման նախագահին: Այդ նպատակով Ալիևը Չտարածման շարժման անդամներին առաջարկել է քննարկումներ սկսել:
Ալիևի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության մշտական անդամի տեղ էլ պետք է հատկացվի Աֆրիկային:
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այսօր աշխարհը դարձել է «սառը պատերազմի» ավարտից հետո Արևելքի և Արևմուտքի ամենասուր առճակատման ականատեսը: Հակամարտության հետևանքները զգացվում են նաև աշխարհի մնացած հատվածներում:
«Այսօր հետզհետե ավելանում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման և այլոց ներքին գործերին միջամտելու դեպքերը»,- Բաքվում Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ թե 51, այլ 127 քառ. կմ տարածք է գրավել