Ժոզեպ Բորել. «Եվրամիությունը Ռուսաստանի քայքայում չի ցանկանում»

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը El Periodico իսպանական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե միությունը չի ցանկանում Ռուսաստանի քայքայում:

«Մենք չենք սատարում Ուկրաինային Ռուսաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար և, անկեղծ ասած, Ռուսաստանի քայքայում չենք ուզում», - ասել է Բորելը:

Նա խոստովանել է, որ Ուկրաինայի խնդրի հանդեպ միության մոտեցումը չափից շատ աստիճանական էր:

«Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե մենք Leopard-ների թեմայով քննարկումների վրա երեք ամիս կորցնելու փոխարեն դրանք ավելի վաղ ուղարկեինք: Ռուսաստանն ի զորու է զենք արտադրել և ունի դրա մեծ պաշարը, իսկ մեր պաշարներն արագ են սպառվել», - ասել է Բորելը:

Նրա խոսքով, Արևմուտքն այնուամենայնիվ ունի զինամթերքի անհրաժեշտ քանակություն: Նա կոչ է արել սպառազեն արտադրող երկրներին ավելացնել արտադրանքը:

«Մենք հետզհետե ավելի շատ զինամթերք կարտադրենք, իսկ հիմա ինչ ունեք՝ փոխանցեք Ուկրաինային», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: