Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը, ինչպես նաև ընդգծել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ իր այլ զրույցների մասին:
Երկու կողմերն էլ հաղորդում են, որ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: «Անդրադարձ է կատարվել նաև հայ - ադրբեջանական սահմանին ընթացիկ իրավիճակին: Այդ առնչությամբ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն», - հաղորդագրությունն ամփոփել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 74 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց էկոակտիվիստ անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով: