ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։
Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը կկանգնեն անհնարին ընտրության առջև. Եղիշե Կիրակոսյան«Դատարանը համարում է, որ դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ և ՀՀ-ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ մի շարք հետևանքներ են առաջացել այս իրավիճակի պատճառով և մարդիկ շարունակում են կրել այդ հետևանքները։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի դադարումը վերաբերել է հայ ազգին, այն մարդկանց, ովքեր ԼՂ-ում հրատապ բուժման համար տեղափոխության կարիք ունեն։ Տեղեկությունների համաձայն՝ խոչընդոտվել է նաև Լեռնային Ղարաբաղ կենսական ապրանքների ներմուծումը, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների պակասուրդ է առաջացել»,- նշված է դատարանի որոշման մեջ։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հիշեցրեց, որ հունվարի 30-ին Ադրբեջանի ներկայացուցիչն ասել էր, թե իր կառավարությունը պարտավորվել է երաշխավորել մարդկանց և ապրանքերի տեղաշարժը, այդ թվում՝ Կարմիր խաչի հետ՝ հաղորդակցելով ռուս խաղաղապահների հետ։
«Դատարանը ի գիտություն է ընդունում այս հայտարարությունը, սակայն չի վերացել անուղղելի հետևանք պատճառելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակմամբ։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը եզրակացնում է, որ դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքների ենթադրյալ խափանումը կարող է անուղղելի հետևանքներ պատճառել և կա հրատապություն։ Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցների հետ կապված պահանջներն առկա են և բավարար, ուստի դատարանը նախքան վերջնական որոշումը պետք է ժամանակավոր միջոցներ կիրառի», - նաև նշված է որոշման մեջ։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն երկրորդ հայցն է ներկայացրել դատարան՝ ձեռնարկելու ականապատման հարցով հրատապ միջոցներՀաագայի դատարանը միաձայն մերժեց միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Միջազգային ատյանը հայտարարեց՝ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։ Բաքուն, ինչպես և Երևանը այս հայցը ներկայացրել էր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում՝ պնդելով, որ ականների տեղադրմամբ հայկական կողմը խախտում է հենց այս միջազգային փաստաթուղըթ:
Միջազգային դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներն անցկացվել էին հունվարի վերջին։
Որոշման հրապարակումից հետո Երևանի հայցը Հաագայում ներկայացրած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։