Հայ-ադրբեջանական աճող դիմակայության ֆոնին՝ Բաքուն Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը։
Սա Բաքվի արդեն երկրորդ հայցն է դատարան՝ ականապատման հարցով հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Հայկական կողմի դեմ նոր բողոքը Բաքուն ներկայացնում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի ավելի քան երեք շաբաթ շարունակվող արգելափակման, զինված բախումների վերսկսման մտավախությունների ֆոնին:
Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ապացույցներ է ներկայացրել քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքները ականապատելու մասին»։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ անցած տարվա օգոստոսից ի վեր Ադրբեջանում, մասնավորապես բնակելի շրջաններում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար 700 ական՝ արտադրված 2021 թվականին Հայաստանում։
«Այդ ականների և այլ տեսակի սպառազինության փոխադրման համար օգտագործվում է Լաչինի ճանապարհը, որը նախատեսված է բացառապես հումանիտար նպատակներով», - անցած շաբաթներին խնդրի մասին խոսելիս պնդել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարություններով չեն սահմանափակվել, անցած տարեվերջին երկրում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների համար հատուկ շրջայց են կազմակերպել դեպի Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ տեղում ցուցադրելու իբր հայտնաբերված «նոր արտադրության հայկական ականները»:
Մինչ օրս, սակայն, որևէ անկախ աղբյուր չի հաստատել նոր ականապատման մասին Բաքվի պնդումները։
Երևանն իր հերթին հերքում է մեղադրանքները, հայտարարում, որ ականների թեման Բաքուն օգտագործում է «քարոզչական նպատակներով»։
Անցած նոյեմբերին «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե նոր արտադրության ականները ադրբեջանցիները հայտնաբերել են ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ 2021 և 2022 թվականներին իրենց կողմից օկուպացրած Հայաստանի տարածքներում։
«Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ՝ 2022թ․ սեպտեմբերին»,- ասել է նախարար Միրզոյանը։
Ականների հարցը Բաքվի հետպատերազմյան օրակարգի գլխավոր թեմաներից է։
«Ադրբեջանին անհրաժեշտ է 30 տարի և 25 միլիարդ դոլար ականազերծման հետ կապված հարցերի լուծման համար», - նախագահ Իլհամ Ալիևի հաշվարկներն են։ Նրա խոսքերով՝ քառասունչորսօրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով մոտ 250 ադրբեջանցի է զոհվել կամ վիրավորվել։
«Այսինքն՝ մեր դեմ պատերազմը շարունակվում է, զոհվում են մեր քաղաքացիները։ Կարո՞ղ ենք մենք թույլ տալ նման բան։ Երբեք»,- հայտարարել է Ալիևը և պնդել․ «Սա Ադրբեջանի դեմ բացահայտ ահաբեկչական գործողություն է»:
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու Հայաստանի կոչերին զուգահեռ Բաքուն հայկական կողմից պահանջում է ականապատման քարտեզներ, որոշ փաստաթղթեր ստանալուց հետո էլ հայտարարել, թե «ճշգրիտ քարտեզներ» է ակնկալում։
Մինչդեռ հստակ չէ՝ ունի՞ նման քարտեզներ հայկական կողմը։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարության անանուն պաշտոնյաները Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետների հետ զրույցում ասել են, որ «նման քարտեզներ չունեն», ասվում է կազմակերպության զեկույցում՝ հրապարակված 2021 թվականի հունիսին։
Թե Ադրբեջանը, թե Հայաստանը հրաժարվել են միանալ ականների արգելման մասին միջազգային կոնվենցիաներին, Երևանը հավաստիացնում է, որ կդադարի ականների կիրառումը, եթե Բաքուն ևս նման պարտավորություն ստանձնի: