Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Եվրոպական միության Հարավային Կովկասի հարցերով պատվիրակ Տոյվո Կլաարը փետրվարի 21-ին հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանում Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն ունի Անդրկովկասում իրական կայունացմանը չնպաստող հստակ աշխարհքաղաքական ենթատեքստ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում:
Գալուզինը նաև «ընդգծել է, որ այդ նախաձեռնության վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուս չկա»։
ԵՄ առաքելությունը Հայաստանում աշխատանքը սկսել է այս շաբաթ:
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն. ԵԽ պատգամավոր