ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Այս մասին հաղորդում է կառավարության լրատվականը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հարցերը, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:
Տոմատի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները երեկ են ժամանել Հայաստան։ Եվրամիությունը տեղեկացրել է, որ100 դիտորդներից 50-ն անզեն են՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինված են։
Եվրամիությունը վերահաստատել է, որ քաղաքացիական առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դիտորդներն այսօր ժամանել են Հայաստան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե ԵՄ նոր առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար