Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետն ընդգծել է միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:
Ակնկալվում է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում աշխատանքը կսկսի առաջիկա երկուշաբթի օրվանից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման երկու տարին «կարող է ճակատագրական լինել տարածաշրջանի համար»