Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը, այսօր կառավարության նիստում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով երեկ Թուրքիա կատարած այցին և արտգործնախարար Չավուշօղլուի հետ բանակցություններին։
Միրզոյանը երեկ էր Թուրքիայում։ Նա վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։ Թուրքիայի արտգործնախարարն էլ իր հերթին հայտարարեց, որ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու քայլերը, շնորհակալություն հայտնեց օգնության համար՝ շեշտելով՝ Հայաստանը գործում է որպես եղբայրական երկիր և օգնության ձեռք է մեկնում այսպիսի ծանր պահի։
Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով, փետրվարի 11-ին100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք։ Հենց այս քաղաքում է աշխատում հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։
Միրզոյանն այսօր տեղեկացրեց, որ հայ փրակարարները վերադառնալու են ցամաքային ճանապարհով։
«Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների համար, և մեր 2 երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը», - ասաց Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար