Բայդենն այսօր ամբողջական պլանային բուժզննություն կանցնի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Ջո Բայդենն այսօր ամբողջական պլանային բուժզննություն կանցնի, ինչը կարևոր քայլ է Միացյալ Նահանգների ամենատարեց նախագահի համար 2024 թվականին սպասվող վերընտրման պայքարից առաջ:

Սպիտակ տունը խոստացել է հրապարակել 80-ամյա նախագահի բժշկի զեկույցը, ինչպես արեց 2021 թվականին՝ նախորդ ստուգման ժամանակ։

Բայդենը հայտարարել է, որ մտադիր է կրկին առաջադրվել՝ պոտենցիալ պատրաստվելով պայքարի իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ, ով արդեն հայտարարել է իր թեկնածության մասին:

«Կարծում եմ՝ դա իմ մտադրությունն է, բայց ես դեռ հստակ որոշում չեմ կայացրել», - փետրվարի 8-ին PBS-ին ասել է Բայդենը։

Բայդենի վերջին նման ստուգումը եղել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին, երբ նա ենթարկվել է ամբողջական բուզննության, այդ թվում՝ ընդհանուր անզգայացման տակ կոլոնոսկոպիայի։ Նա իր լիազորությունները մեկ ժամ 25 րոպեով փոխանցել էր փոխնախագահ Քամալա Հարիսին՝ դարձնելով նրան նախագահական լիազորություններով օժտված առաջին կինը ԱՄՆ պատմության մեջ։

Բայդենի բժիշկն այն ժամանակ նրան նկարագրել էր որպես առողջ մարդու, որը կարող է կատարել իր նախագահական պարտականությունները, բայց նաև մատնանշել էր ծերության համեմատաբար աննշան դրսևորումները:

Բայդենը չի ծխում, չի խմում, սպորտով է զբաղվում և առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել 1988 թվականի վիրահատությունից հետո:
Անցյալ տարվա հուլիսին նրա մոտ ախտորոշվել էր Covid-19, սակայն հիվանդությունը թեթև է ընթացել։

ԱՄՆ նախագահի տարիքը շարունակում է մնալ որոշ հանրապետականների քննարկումների առարկա։