Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը պատրաստվում է առաջադրվել 2024-ի նախագահական ընտրություններում


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Փալմ Բիչի Մար-ա-Լագո հանգստավայրում կայացած միջոցառման ժամանակ, Ֆլորիդա նահանգ, 15-ը նոյեմբերի, 2022թ.
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Փալմ Բիչի Մար-ա-Լագո հանգստավայրում կայացած միջոցառման ժամանակ, Ֆլորիդա նահանգ, 15-ը նոյեմբերի, 2022թ.

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, որ անցած ամիսներին շարունակ քննադատում էր ամերիկյան ընտրական համակարգը, հայտարարեց, թե պատրաստվում է առաջադրվել երկու տարուց կայանալիք նախագահական ընտրություններում։ Նրա օգնականներն արդեն ներկայացրել են պաշտոնական հայտը, ինքը՝ Թրամփն էլ այդ մասին խոսեց Ֆլորիդայում՝ իր առանձնատանը հավաքված աջակիցների առջև։ Մոտ մեկ ժամանոց ելույթում նախկին նախագահը պնդեց՝ իր չորս տարվա կառավարումը փայլուն էր, ձեռքբերումներն՝ աննախադեպ։

«Երկու տարի առաջ, երբ ես հեռացա Սպիտակ տնից, Միացյալ Նահանգները պատրաստ էր դիմավորել իր ոսկե դարը։ Մեր ժողովուրդը գտնվում էր հզորության, բարգավաճման և հեղինակության գագաթնակետին, և առաջ անցնելով բոլոր մրցակիցներից, հաղթելով բոլոր թշնամիներին՝ քայլում էր դեպի ապագա՝ վստահ և ուժեղ: Չորս կարճ տարիների ընթացքում բոլորի գործերը հիանալի էին: Տղամարդիկ, կանայք, աֆրոամերիկացիները, ասիացի ամերիկացիները, իսպանախոսները, բոլորը բարգավաճում էին ավելի, քան երբևէ», - հայտարարեց Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը։

Նույն հաստատակամությամբ Թրամփը քննադատեց ներկայիս նախագահին։ Մեղադրանքները բազմաթիվ էին՝ տնտեսության անկումից ու գների աճից մինչև արտաքին քաղաքականություն։ «Երկիրը կանգնած է միջուկային պատերազմի շեմին, քանի որ Բայդենը չկարողացավ վերահսկողության տակ առնել ուկրաինական ճգնաժամը», - հայտարարում էր նա՝ կրկին պնդելով, թե իր օրոք տրամագծորեն հակառակ իրավիճակն էր. - «Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան հսկողության տակ էին։ Եվ հարգում էին, նրանք բոլորը հարգում էին Միացյալ Նահանգներին ու, անկեղծ պիտի ասեմ՝ հարգում էին ինձ։ Ես շատ լավ էի ճանաչում նրանց, շատ լավ»։

Որքան էլ Թրամփը փորձում էր ինքնավստահ ու ամուր երևալ, փորձագետները փաստում են՝ պայքարը հեշտ չի լինելու։ Փաստացի, շաբաթներ առաջ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հանրապետականներն այդպես էլ ջախջախիչ հաղթանակ չտարան՝ չնայած Թրամփի կանխատեսումներին։ Ավելին, նրա անվերապահ աջակցությունը վայելող թեկնածուների մի զգալի մասը պարտվեց դեմոկրատներին, ինչից հետո ազդեցիկ հանրապետականներից շատերը սկսեցին հրապարակավ քննադատել նախկին նախագահին սխալ հաշվարկների ու անհեռատես քարոզարշավի համար։ Քննադատների շարքում է նաև Հանրապետական կուսակցության ներսում Թրամփի հավանական մրցակից, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։

«Մեր արձանագրած արդյունքները շատ հիասթափեցնող էին, հատկապես եթե հաշվի առնենք, որ Բայդենի քաղաքականությունը լայն աջակցություն չի վայելում։ Մարդիկ համոզված են, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, նման դեպքերում համարյա մշտապես մարդիկ ուզում են փոխել ղեկավարներին, բայց նահանգների մեծ մասում չարեցին։ Չարեցին, որովհետև մարդիկ ուզում են առաջ նայել, ոչ թե ետ», - պնդում է ԴեՍանտիսը, ով հաջողությամբ հաղթեց Ֆլորիդայի ընտրություններում, պահպանում է բարձր վարկանիշը Հանրապետական կուսակցության ներսում, ու որ նույնքան կարևոր է՝ կարողանում է մեծ գումարներ հանգանակել իր քաղաքական պայքարն առաջ տանելու համար։

Ներկուսակցական պայքարից բացի, Դոնալդ Թրամփը նաև լուրջ խնդիրներ ունի իրավապահների հետ։ Ամենավերջին գործը հարուցվել էր անցած օգոստոսին, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել էր նախկին նախագահի առանձնատունն ու Սպիտակ տնից հանված հարյուրավոր գաղտնի փաստաթղթեր առգրավել։ Մինչ այդ էլ միլիարդատեր նախագահի դեմ քրեական ու քաղաքացիական գործեր էին հարուցվել նրա ընտանեկան բիզնեսում՝ Trump Organization-ում թույլ տրված հնարավոր չարաշահումների կապակցությամբ։

XS
SM
MD
LG