WSJ. Վաշինգտոնը դիտարկում է իրանական առգրավված զենքը Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը

Եմենի հութի ապստամբներ, արխիվ

The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները, գրում է, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական առգրավված զենքը Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Խոսքը ավելի քան 5 հազար ինքնաձիգների, մեկուկես միլիոն փամփուշտների, զենիթային հրթիռներում օգտագործվող 7 հազար ռադիոպայթուցիկների, փոքր քանակի հակատանկային հրթիռների և այլ զինամթերքի մասին է։

Զենքն ու զինամթերքը նախատեսված է եղել Եմենի ապստամբների համար, այն բռնագրավվել է մատակարարման ճանապարհին։

Զենքը Ուկրաինային տրամադրելու արգելք կա, որը կապված է Եմենին զենքի վաճառքի ՄԱԿ-ի էմբարգոյի հետ։ Այն նաև պահանջում է ոչնչացնել առգրավված զենքը։ Իրավաբանները Սպիտակ տանն առաջարկում են օգտագործել այլ օրենքներ՝ կապված անօրինական գործունեության միջոցների առգրավումների տնօրինման հետ, սակայն դրա համար Կոնգրեսի հատուկ որոշում կամ նախագահի հրամանագիր է անհրաժեշտ։

Եմենում ավելի քան 8 տարի շարունակվում է զինված հակամարտությունը հութիների և միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև։ Սաուդյան Արաբիան աջակցում է Եմենի կառավարությանը, իսկ Իրանը՝ հութիներին, որոնք ստացվող զենքի օգնությամբ կարողանում են շարունակել հակամարտությունը։ Թեհրանը պնդում է, որ հութիներին զենք չի մատակարարում։