Միրզոյանը ժամանեց Անկարա, հանդիպում է Չավուշօղլուի հետ

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անթալիայում, 12-ը մարտի, 2023թ.

Հայաստանի արտգործնախարարն այսօր մեկնել է Թուրքիա: Անկարայում արդեն մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը:

Միրզոյանը, ԱԳՆ-ի փոխանցմամբ, երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Նախարարի հետ Թուրքիա է մեկնել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը: Այդ մասին Ռուբեն Ռուբինյանը հայտնում է Թվիթերում գրառմամբ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ գարնանը պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել նաև 2022 թվականի մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով, որտեղ կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Մանրամասները տե՛ս այստեղ