Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 35 հազար 400-ը

Երկրաշարժի հետևանքները, Թուրքիա

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված բնակիչների թիվը փետրվարի 14-ի երեկոյան դրությամբ հասել է 35 հազար 418-ի: Այդ մասին Անկարայում կառավարության նիստում ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Քահրամանմարաշում երկրաշարժի ծավալն ու կործանարարությունը հիրավի աննախադեպ բնական արհավիրք է: Աստծո ողորմությունն եմ հայցում իմ 35 հազար 418 զոհված քաղաքացիներից յուրաքանչյուրի համար և ապաքինում եմ մաղթում 105 հազար 505 վիրավորներին»,- ասել է նախագահը:

Նա հավաստիացրել է, որ փրկարարաորոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ամենավերջին վերապրողին փրկելու համար։

Էրդողանի փոխանցմամբ՝ իշխանությունը զոհվածների յուրաքանչյուր ընտանիքին կտրամադրի 100-հազարական լիրայի օգնություն: Դա հավասար է մոտ 5300 ԱՄՆ դոլարի: