Ինչո՞ւ է Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց նախաձեռնում. Արցախից տարբեր տեսակետներ են հնչում

Արցախի նախագահ Արայի Հարությունյանը

Ինչո՞ւ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց նախաձեռնում, ինչո՞ւ հենց հիմա, երբ Արցախը շրջափակված է ու խոսվում է ներքաղաքական ճգնաժամի՝ նախագահ-պետնախարար հակասությունների մասին։

Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ այդ փոփոխությամբ իշխանությունը ցանկանում է ռիսկերը կառավարելու հնարավորություն ստեղծել ռազմական դրության ընթացքում նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում։ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից։ Հարությունյանը պարզաբանեց՝ մայր օրենքում միայն մեկ հոդված են նախատեսում փոխել։

«Ռազմական դրության ընթացքում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում իրավասություն վերապահվի Ազգային ժողովին, որպեսզի ճգնաժամային իրավիճակներ ստեղծվելու դեպքում էդ ռիսկերը կառավարվեն, այսինքն, այդ ամբողջը ուղղված է հենց այդ նպատակին», - նշեց պատգամավորը:

Գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվում։

Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել նման իրավիճակից, այսինքն, Ազգային ժողովի լուծարումից, որն էլ կշարունակի գործել ու կկարողանա նախագահ ընտրել։ 2020-ի պատերազմից հետո հայտարարությունների մակարդակով խոսվում է Արցախում ընտրությունների անհնարինության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից հերքում են, թե նախագահը սահմանադրական փոփոխություն է նախաձեռնում, քանի որ պատրաստվում է հրաժարական տալ

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, արցախցի հրապարակախոս Վահրամ Աթանեսյանն էլ կարծում է, որ իշխանությունը նման քայլի է գնում սահմանադրական կազուսը հաղթահարելու համար։

«Այսօր գործող Սահմանադրությունը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախատեսում է նաև խորհրդարանի լուծարում, կառավարության լուծարում, այսինքն, փաստորեն, 40-օրյա անիշխանական մի շրջան, որի դեպքում պետության առաջին դեմքը պետք է լինի Ազգային ժողովի նախագահը: Ես կարծում եմ, որ այսօր փորձ է արվում այդ կազուսը հաղթահարել և Ազգային ժողովին լիազորություն վերապահել, որպեսզի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանը ընտրի նախագահ», - ասաց նախկին պատգամավորը:

Աթանեսյանը միայն թե չի հասկանում՝ ինչպե՞ս է հնարավոր դա Սահմանադրության միայն մեկ հոդվածի փոփոխությամբ։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավորը միևնույն ժամանակ շեշտում է՝ ինքն իրավաբան չէ և ծանոթ չէ նախագծի ամբողջ տեքստին։ Նախագիծն, ի դեպ, դեռ չի հրապարակվել։

«Մեկ հոդվածի փոփոխությամբ, ըստ իս, դժվար է լինելու խորհրդարանին վերապահել նախագահ ընտրելու լիազորություն, այսինքն պետք է փոխվի մայր հոդվածը: Եթե դա չի փոխվում.... ես չգիտեմ, տեքստին ծանոթ չեմ, թե նախագահն ինչ է առաջարկել, բայց կարծում եմ, որ այսպիսի դժվարություն կարող է առաջանալ», - ընդգծեց նա:

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունում էլ կասկածներ ունեն, որ հայաստանյան իշխանությունների ճնշմամբ է Հարությունյանը հիմա Սահմանադրության փոփոխության գնում, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան այլևս չի վստահում ու թե պատճառը Արցախում տեղի ունեցած չարաշահումներն են։ Մամուլն էլ գրում է՝ Փաշինյանը Ստեփանակերտում ցանկանում է իրեն ենթարկվող իշխանություն ձևավորել։

Իշխանական պատգամավոր Արթուր Հարությունյանն այդ մեկնաբանությունները մտացածին է որակում. - «Իրականության հետ կապ չունեցող տարբերակներ են, որոնք քննարկվում են հասարակության, հանրության մեջ, բայց ընդհանրապես դա որևէ կապ չունի նախագծի ներկայացման հետ»:

Արցախի նախագահականից ու նաև իշխող խմբակցությունից հերքում են, թե նախագահ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Վերջին շրջանում Արցախի նախագահի ու պետնախարարի հրաժարականի մասին լուրեր էին շրջանառվում։

Արայիկ Հարությունյանը նախագահ է ընտրվել 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ՝ գարնանը։ Նրա պաշտոնավարման ավարտին դեռ 2 տարի կա։

Ազգային ժողովի իշխող խմբակցության ղեկավարը վստահեցնում է՝ այս մեկ հոդվածի փոփոխությունը լրիվ առանձին նախաձեռնություն է, կապ չունի անցած տարի նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների հետ, որոնցով նաև նախատեսվում էր Արցախում անցել կիսանախագահական համակարգի։ Այդ փաթեթը Արայիկ Հարությունյանը հետ կանչեց տարեվերջին՝ տարաբնույթ քաղաքական գնահատականների ու նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքների պատճառաբանությամբ։