Ղրղըզստանի դատապարտված նախկին նախագահն ազատ արձակվեց

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Բիշքեկի դատարանում, արխիվ

2020 թվականի ամռանը 11 տարվա ազատազրկման դատապարտված Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից և ազգականների, բարեկամների ու համախոհների ուղեկցությամբ տուն է մեկնել:

Նրա տեղաշարժի ազատությունը սահմանափակված չէ: Որոշումը կայացրել է Ղրղըզստանի գերագույն դատարանը, որը հաշվի է առել Աթամբաևի գործում նոր հանգամանքների ի հայտ գալը և գործը վերաքննելու՝ նախկին նախագահի փաստաբանների դիմումը:

Ղրղըզստանը 2011-17 թվականներին ղեկավարած Աթամբաևին ձերբակալել են 2019 թվականի օգոստոսի 8-ին Չույի մարզի Կոյ-Թաշ գյուղում, որտեղ գտնվում է նախկին նախագահի առանձնատումը:

Ձերբակալության գործողությունը գրեթե մեկ օր է տևել, իրավապահների և Աթամբաևի աջակիցների միջև տեղի է ունեցել արյունալի ընդհարում, որի հետևանքով ոստիկանության հատուկ ջոկատի մեկ զինծառայող սպանվել է և ավելի քան 100 մարդ վնասվածք է ստացել:

Աթամբաևը մեղադրվել է մահափորձ ծրագրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, անշարժ գույքի ապօրինի գործարքներ կատարելու և քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաևին ապօրինի եղանակով բանտից ազատելու համար: Նա հերքում է մեղադրանքը և այն քաղաքական հետապնդում է անվանում:

Իշխանություններն Աթաբմաևին թույլ են տվել բուժվել արտասահմանյան հիվանդանոցում: Լրատվամիջոցները դեռ չեն հայտնել, թե ինչ հիվանդության կապակցցությամբ և որ երկիր կարող է մեկնել նախկին նախագահը: