Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը բանտախցից տեղափոխվել է Բիշքեկի սրտաբանական կենտրոն՝ բժշկական զննության։ Բանտարկված քաղաքական գործչի որդին՝ Կադիր Աթամբաևը, «Ազատության» ղրղզական ծառայությանը հայտնել է, որ իր հայրը մեջքի հետ կապված խնդիրներ ունի և հաճախ կորցնում է վերջույթների զգացողությունը։
2020 թվականի հոկտեմբերին՝ հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանությունը զավթելու փորձի մեջ մեղադրվող նախկին նախագահը անցյալ ամիս հրաժարվել էր մասնակցել դատավարությանը առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Աթամբաևը ճաղերի ետևում է հայտնվել 2020 թվականի հունիսին կայացված դատավճռով, որի համաձայն դատարանը 11 տարի և 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել նրան կոռուպցիոն մեղադրանքով։
Բացի այդ, նախկին հեղափոխական առաջնորդը մեղադրվում է իր նստավայրի գրոհի ժամանակ ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Մեկ ոստիկան այդ օրը սպանվել էր, վիրավորվել էր ավելի քան 150 մարդ, որոնց շուրջ կեսը ոստիկանության աշխատակիցներ էին: