Բիշքեկի դատարանը կոռուպցիայի գործով 11 տարի և 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Դատավճռով Ատամբաևը զրկվում է բոլոր պետական պարգևներից, բռնագրավվում է նրա ունեցվածքը:
Մեղադրող կողմը նախկին նախագահի համար 15 տարվա ազատազրկում էր պահանջում: Դատավարությունը դռնփակ է անցել:
Նախկին հեղափոխականը և նախագահը դատապարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քրեական աշխարհի հեղինակություններից մեկին ապօրինի ազատ արձակելու համար: 63-ամյա Ատամբաևը հերքում է առաջադրված մեղադրանքը:
Նա ձերբակալվել էր անցած տարվա օգոստոսին: Ձերբակալությանը նախորդել էր զինված դիմակայությունը նրա նստավայրում: Նախկին նախագահի կողմնակիցները կարողացել էին հետ մղել ուժայինների առաջին գրոհը, սակայն հաջորդ օրը Ատամբաևը ինքնակամ հանձնվել էր իշխանություններին:
Ատամբաևին մեղադրում են նաև իր նստավայրի գրոհի ժամանակ ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Մեկ ոստիկան այդ օրը սպանվել էր, վիրավորվել էին ավելի քան 150 մարդ, որոնց շուրջ կեսը ոստիկանության աշխատակիցներ էին:
Նախկին նախագահի դեմ հարուցված գործը կապված է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի` մեղադրող կողմի համոզմամբ, ապօրինի ազատ արձակման հետ: Բատուկաևը երկար ժամանակ բանտում է եղել, սակայն 2013 թվականին, Ատամբաևի նախագահության օրոք ազատ էր արձակվել առողջական վիճակի պատճառով, ինչից հետո անմիջապես մեկնել էր Չեչնիա:
Բատուկաևի ազատ արձակման հարցով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը 2013-ին պարզել էր, որ նրան այցելել էին կառավարության բարձրաստիճան անդամներ: Այս գործով արդեն ձերբակալված են նախկին վարչապետ Շամիլ Աթախանովը, Առողջապահության նախկին նախարար Դինարա Սագիմբաևան, ինչպես նաև Առողջապահության նախարարության այն աշխատակիցները, որոնք, ըստ հետաքննության, Բատուկաևի մոտ դիտավորյալ ծանր հիվանդություն են ախտորոշել:
Աթամբաևը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-2017 թվականներին: Նա 2005 թվականի «կակաչների հեղափոխության» մասնակիցներից էր, սկզբում նախարար էր, հետո` կառավարության ղեկավար: Երկրի նախագահ է ընտրվել երրորդ փորձից հետո` առաջին փուլում հաղթելով իր մրցակիցներին:
Փորձագետները որոշ վերապահումներով Ղրղըզստանը միակ ժողովրդավարական երկիրն են համարում Միջին Ասիայում: Առնվազն նախագահներն այստեղ հաճախ են փոխվում: Ղրղըզստանի գործող նախագահ Սորոմբայ Ժեենբեկովը իշխանության է եկել 2017 թվականին, որպես Ատամբաևի` ժողովրդի ընտրյալ իրավահաջորդ և նրա քաղաքականության շարունակող:
Նրանց միջև քաղաքական դիմակայությունը սկսվել էր անձնական հակամարտությունից, որը վերածվել էր բացահայտ առճակատման այն բանից հետո, երբ Ատամբաևի թիմից մի քանի մարդ ձերբակալվեց քրեական գործով: Ժեենբեկովը ստորագրեց մի օրենք, որը թույլ էր տալիս քրեական պատասխանատվության ենթարկել նախկին նախագահներին, և Ատամբաևին առաջադրվեցին կոռուպցիայի մեղադրանքներ` խորհրդարանի որոշմամբ անձեռնմխելիությունից զրկելուց հետո:
Ատամբաևն իր հետապնդումը քաղաքական է համարում: Ատամբաև - Ժեենբեկով հակամարտությունում, ըստ փորձագետների, դերակատարություն է ունեցել Ղազախստանը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: