ԱԺ փոխխոսնակը ճիշտ և նորմալ քայլ է որակում Թուրքիա օգնություն ուղարկելը

Թուրքիա օգնություն ուղարկելը հումանիտար քայլ է, ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, և բոլոր պետություններն էլ մեծամասշտաբ, լայնամասշտաբ աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Հայաստանը օգնություն ուղարկեց Թուրքիա, այն պարագայում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին և մինչև օրս փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։ Դեպքից չորս օր անց Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 30 տարի առաջ փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետի գոտի՝ Ադիյաման։ Այս քաղաքում է աշխատում հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

«Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ», - ընդգծեց Ռուբինյանը։

Հիշեցնելով Իզմիրի 1999 թվականի երկրաշարժը՝ ԱԺ փոխնախագահը նշեց՝ այն ժամանակ էլ փրկարարական խմբեր էին ուղարկվել Թուրքիա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ, օգնության պատրաստակամություն հայտնել

«Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում», - ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով միջազգային մամուլի հրապարակումներին, թե Հայաստանի օգնությունը կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը՝ ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց․ -«Ես չեմ կարծում, որ այս աղետը կսառեցնի գործընթացը, կարծում եմ գործընթացը կշարունակվի, իսկ կարագանա, թե ոչ, ցույց կտան հետագա իրադարձությունները»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․