Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով այսօր հայկական մեքենաներ անցան։ 100 տոննա մարդասիրական բեռով հինգ բեռնատարները առավոտյան հատեցին միակողմանիորեն բացված սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի՝ շուրջ 600 կիլոմետր հեռու Ադիյաման։ Հենց այս քաղաքում է աշխատում հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։
44-օրյա պատերազմից հետո մեկնարկած բանակցություններում Թուրքիան ներկայացնող դեսպան Սերդար Քըլըչը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ու նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին՝ օգնությունն իրականություն դարձնելու ջանքերի համար:
«Միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած այս առատաձեռն աջակցությունն ՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- գրել է թուրք դիվանագետը։
Հայաստանի բանագնացի արձագանքը չուշացավ։ «Ուրախ ենք, որ կարող ենք օգնել», - գրեց Ռուբեն Ռուբինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ փրկարարները «հաջողած են երեխա մը փլատակներու տակեն ողջ-առողջ դուրս բերելու». ԷստուկյանԱդիյամանում աշխատող հայ փրկարարներին, ի դեպ, հաջողվել է ութ տարեկան աղջնակի ողջ հանել փլատակներից, այսօր տեղեկացրել է աղետի գոտի մեկնած Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
Հայաստանը փրկարարներ ու հումանիտար օգնություն նաև Սիրիա է ուղարկել։
Վերջին տվյալներով՝ աղետալի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվն անցել է 21 հազարը, Սիրիայում՝ 3500-ը։ Փրկարարական աշխատանքներին զուգահեռ թվերը շարունակում են աճել։
«Բազմաթիվ դեպքեր ենք տեսել, որ երկու հակառակորդ երկրներ նման տարերային աղետների ժամանակ միմյանց օգնություն են առաջարկել, հիմնականում դրանք ընդունվել են, որն ամբողջ աշխարհում կիրառվում է», - ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Թուրքագետի կարծիքով՝ այս իրադարձությունը, սակայն, քաղաքականացնել պետք չէ։ Հայաստանն օգնություն ուղարկեր կամ չուղարկեր՝ կարգավորման գործընթացում էական ոչինչ չէր փոխվելու. - «Քանի որ մենք գիտենք՝ ներկա պահին խնդիրը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի միջև է՝ հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Մարգարայի կամուրջը, որով այսօր անցան հայկական բեռնատարները, արդեն 30 տարի է փակ է։ Հայ-թուրքական կարգավորման շրջանակում կողմերի վերջին հանդիպումը հենց այստեղ էր եղել՝ 3 ամիս առաջ։ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր՝ տեխնիկական հանդիպում է եղել, ուսումնասիրել են կամրջի վիճակը, պիտանելիությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան«Հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի՝ ինչպես ենք շարժվում առաջ, նաև շարունակում է սեղանին լինել և մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու, և սպասում ենք թուրքական կողմի պատասխանին», - ասել է Ռուբինյանը:
«Ազատության» հարցին՝ «սահմանային դիտարկումները երրորդ անձանց համար սահմանը բացելու հետ կապված չէի՞ն», Ռուբե Ռուբինյանը պատասխանել է. - «Այո, այդ թվում»:
Անցած ամռանը բանագնացների վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Տարեվեջին էլ թուրքական մամուլը գրեց՝ հնարավոր է բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա - Ալիջան սահմանային անցակետը։ Սակայն այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։
Պաշտոնական Երևանը մշտապես հայտնում է սահմանն օր առաջ բացելու պատրաստակամության մասին։ Անկարան, մինչդեռ, հաշտեցումը կապում է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։