Երեկ երեկոյան Վլադիմիր Զելենսկին Փարիզում Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ խնդրել է «որքան հնարավոր է արագ» մատակարարել ծանր սպառազինություն և ռազմական ինքնաթիռներ։ Փարիզից առաջ Զելենսկին Լոնդոնում էր, որտեղ ևս ռազմական աջակցություն է խնդրել։
«Որքան արագ Ուկրաինան ստանա ծանր սպառազինություն, ինքնաթիռներ, այնքան շուտ կավարտվի ռուսական ագրեսիան, և մենք կկարողանանք վերադարձնել խաղաղությունը Եվրոպային», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային և մտադիր ենք հասցնել հաղթանակի», - ի պատասխան՝ հայտարարել է Մակրոնը և հավելել, որ Ուկրաինան այդ հարցում կարող է վստահել Ֆրանսիային և դաշնակիցներին, ու Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում:
Գերմանիայի կանցլերն իր հերթին է պատրաստակամություն հայտնել աջակցելու Ուկրաինային՝ «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։
Նախօրեին Բունդեսթագում գերմանական կառավարության ղեկավարը կրկնել էր՝ չնայած Ուկրաինային ցուցաբերվող օգնությանը, ՆԱՏՕ-ի դաշինքը չպետք է դառնա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության կողմ։