«Այսպիսի ողբերգության դիմաց Հայաստանից ցուցաբերված վերաբերմունքը շատ նորմալ է». Արա Գոչունյան

Թուրքիա - Երկրաշարժի հետևանքները Հաթայում, 7-ը փետրվարի, 2023թ.

«Անհավատալի համեմատությունների են հասել աղետի ծավալները, մի քիչ առաջ հայտնի դարձավ, որ աղետի գոտու տասը քաղաքներում արտակարգ իրավիճակ է հռչակված», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ խոսելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքների մասին:

Հայերի ճակատագրի վերաբերյալ հարցին Գոչունյանն արձագանքեց. - «Իրականում այնքան մեծ համայնք չկա այնտեղ, բայց ափսոս, որ, այո, զոհերի շարքում եղել են հայեր: Ըստ մեր ունեցած տվյալների՝ Մալաթիա քաղաքում երեք հայ է զոհվել՝ բավականին ողբերգական, որովհետև նախ՝ ամուսիններ, հետո էլ՝ նրանց անչափահաս զավակի մահվան լուրը վրա հասավ»:

«Պոլսի Պատրիարքությունը փորձում է համապատասխան տեղեկատվությունը համակարգել, կանոնակարգել և մատուցել հանրությանը», - ասաց պոլսահայ գործիչը:

«Այդ գավառներում գտնվող սրբավայրերի էական մասը, փառք Աստծո, խնայված են՝ Դիյարբեքիրի, Կեսարիայի և Մուսա լեռան եկեղեցիները չեն տուժել, բայց, դժբախտաբար, Իսկենդերոնի Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցին վնասներ է կրել», - հայտնեց Գոչունյանը: - «Բայց, բնականաբար, առաջին հերթին ուշադրությունը զոհերի, մարդկային կորուստների մասին է, որովհետև հազարավոր մարդիկ են կյանքից զրկվել, և նրանց մեջ կան նաև համայնքի անդամներ»:

Հիշեցնելով, որ 1999 թվականի Ստամբուլի մեծ երկրաշարժի ժամանակ էլ Հայաստանից փրկարարներ էին մեկնել Թուրքիա՝ «նույնիսկ այն ժամանակվա քաղաքական իրավիճակի պայմաններում», Արա Գոչունյանը շարունակեց. - «Իսկ այս անգամ, որ արդեն բնականոնացման գործընթացի տրամաբանությունն է տիրում երկու երկրների միջև, ըստ երևույթին, այսպիսի մարդասիրական առումով ծանր պահին, այսպիսի ողբերգության դիմաց Հայաստանից ցուցաբերված վերաբերմունքը շատ նորմալ է, մյուս կողմից էլ՝ ուղիղ համեմատության մեջ է միջազգային հանրության արձագանքի հետ, քանի որ ամբողջ աշխարհից զորակցության ուղերձներ են հասնում Թուրքիա»:

«Այսինքն՝ բնականաբար, քաղաքական տրամաբանությամբ կարելի չէ մոտենալ այս ծանր իրավիճակում, բայց մաղթենք, որ այս իրավիճակում ցուցաբերված այս մարդասիրական մոտեցումները հաջորդ քայլափոխին քաղաքական հարթության վրա ավելի լավատեսության կամ փոխադարձ վստահության ամրապնդման վերածվեն», - ընդգծեց Ստամբուլի հայկական պարբբերականի խմբագիրը՝ ամփոփելով. - «Համենայն դեպս, այս պահին քաղաքական գնահատականների ժամանակը չէ»:

Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 8 հազարին, որից 6 հազարը՝ Թուրքիայում, շուրջ 40 հազար վիրավոր կա, որից մոտ 35 հազարը՝ Թուրքիայում:

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել երկու երկրներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն Թուրքիայում է. ՓայլանՓաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Էրդողանի ու Ասադի հետՀայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա