Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հայտնում են կառավարությունից:

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Ադրբեջանի կողմից արդեն մեկուկես ամսից ավելի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

Էմանյուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Արցախից այսօր հայտնեցին, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը մտնող միակ գազատարը: Ստեփանակերտում ու շրջաններում գազ չկա, վերջին երկու ամսվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ։ Շուրջ մեկ ամիս է Հայաստանից հոսանք էլ չի մատակարվում. Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը։

Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ հարցերին:

Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, նախօրեին հայտարարել էր երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ Փարիզը ցանկանում և աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի գազամատակարարումը նորից արգելափակվել է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը. ԱԳՆ խոսնակ