Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը մտնող միակ գազատարը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ստեփանակերտում ու շրջաններում գազ չկա, վերջին երկու ամսվա ընթացքում` արդեն վեցերորդ անգամ։ Իրենք՝ արցախցիներն արդեն կորցրել են հաշիվը։
«Հոսանքն էլ օրվա ընթացքում երեք անգամ անջատում են, պատահում ա, որ ինտերնետը-բանն էլ չի աշխատում», - ասում է Մարտունիի բնակիչ Լյուդիլա Սարգսյանը։
Տեղական հոսանք են սպառում։ Շուրջ մեկ ամիս է Հայաստանից հոսանք էլ չի մատակարվում. Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը։
«Երկու ժամը մեկ անջատում են, չորս ժամ, վեց ժամ տալիս են... Յոլա ենք գնում, կապրենք», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Զինա Նաջարյանը։
Արցախի խանութներում վերջին օրերին աշխուժություն է, ցուցափեղկերի համեստ տեսականին ավելացել է շաբաթներով չճարվող մթերքներով՝ միրգ-բանջարեղեն, քացրավենիք, երշիկեղեն, բայց սահմանափակ քանակով։
«Սոխ էլ են բերել, չորս հատ, մի կիլոյով, բայց չորս հատիկով տվել են։ Մանդարին, ապելսին են տվել, խնձորը տվել են, բայց էլի շատ-շատ հերթեր ա լինում։ Ընդամենը կիլոուկես խնձոր ենք վերցրել», - ասում է Լյուդմիլա Սարգսյանը։
«Աշխուժություն հիմա կա, կտրոնով ապրանքները վերցրել ենք, բայց հիմա խանութներում միրգ-բանջարեղեն ստանում են, երշիկը կա», - փոխանցում է Զինա Նաջարյանը։
Նրա փոխանցմամբ՝ մայրաքաղաքում համեմատաբար նվազել են, բայց կրկին ամեն ինչ չէ, որ կա խանութներում։ Մարդիկ լսել են, որ ռուս խաղաղապահների միջոցով են տևական ժամանակ անհասանելի դարձած մթերքներն Արցախ հասնում։ Սպասում են կարտոֆիլին ու կաղամբին. - «Ճակնդեղը կար, գազար կար։ Կարտոֆիլը էս քանի օրը երևի կտան»։
Որոշ արցախցիներ նաև թանկացումներից են բողոքում։ «Ազատությանը» հայտնել էին՝ օրինակ, բանանը կրկնակիից ավելի բարձր է՝ կիլոգրամը 1500 դրամ։ Զինա Նաջարյանը, սակայն, ասում է՝ բարձր գները համատարած չեն. - «Մեզ մոտի խանութներում տենց բան չկա։ Ում մոտ էլ նկատում են, նրանց տուգանում են»։
Արցախում տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն արձանագրել է մի քանի խանութում անհայտ ծագման որոշ ապրանքների ու դրսում վաճառվող գյուղմթերքի գնի բարձացում։
«Ազատությանը» ոլորտը կարգավորող մարմնից հայտնում են՝ հնարավոր չէ լիարժեք վերահսկել ոլորտը։
«Հանձնաժողովը իր լիազորությունների սահմաններում բացատրական աշխատանքներ է տանում տնտեսավարող սուբյեկտների հետ՝ բացառելու անբարեխիղճ վարքագծի դրսևորումը», - փոխանցում են հանձնաժողովից՝ հավելելով, որ տնտեսվարողներին զգուշացրել են, որ զերծ մնան ապրանքները մինչև շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով վաճառելուց։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ այսօր Հայաստան է տեղափոխվել Լաչինի միջանցքի արգելափակվելուց հետո Արցախում մնացած 15 քաղաքացի։
«Գալիս գնում եմ: Սա 24-րդ անգամն է այս ճանապարհի վրա՝ 3 տարվա մեջ», - ասում է ջութակահար Թամարա Գևորգոյանը, ում Երևանից հրավիրել են Արցախի դպրոցներից մեկում աշխատելու։ Եկել էր մեկ ամսով, բայց ճանապարհը փակվելուց հետո ստիպված ևս երկու ամիս մնաց։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը հայտնեց՝ Հայաստանից էլ այսօր 18 քաղաքացու են Արցախ տեղափոխել։ Միջազգային կազմակերպության միջնորդությամբ Հայաստանից նաև դեղորայք, մանկական տակդիրներ են տեղափոխվում, վերջին անգամ՝ շաբաթավերջին։