Պապիկյանն անակնկալ այցեր է սկսել զորամասեր, իրավապաշտպանը դրանք ցուցադրական է համարում

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից երկու շաբաթ անց պաշտպանության նախարարն անակնկալ շրջայցեր է սկսել զորամասեր:

Երեկ Սուրեն Պապիկյանն առաջին նման այցելությունն է ունեցել ու զորամասերից մեկում ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին:

«Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են: Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը»,- ասվում է Պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարության մեջ:

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է՝ զորանոցում ողբերգական հրդեհն այնպիսի հանրային պարսավանք է առաջ բերել նախարարի և նախարարության դեմ, որ այժմ սա կարելի է ցուցադրական այց համարել:

Ժաննա Ալեքսանյան

«Հիմա սրանք ինչ-որ առումով ցուցադրական այցեր են, ես դրական կարձագանքեմ, եթե դրանք մտնեն օրակարգի մեջ։ Երբ բոլորը պաշտպանական համակարգից, Ազգային ժողովից Արմեն Խաչատրյանն ասում էր՝ «շրջադարձային փոփոխություններ ենք սկսել», էդ շրջադարձային բառը, որ կիրառում են, գոնե դրա մի տոկոսը չեն անում։ Գիտենք ինչքան զինվորներ են դիրքերում զոհվում ոչ մարտական պայմաններում և այնքան ենք ահազանգել էդ դեպքերի մասին, հիմա գուցե նախարարը սկսեց սրանո՞վ, էս դեպքը նրան զգաստացրե՞լ է, ես հարցականով եմ ասում», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը կարծում է՝ Պապիկյանը վաղուց պետք է այցեր կատարեր:

«Նախարարը պարտավոր էր մինչև էդ կատարեր իր այցերը և տեղյակ լիներ էդ ամեն ինչին։ Ես հիմա ողջունում եմ, որ գնում է, եթե իհարկե դրանք լինելու են հետևողական այցեր և դա լինելու է ավանդույթ՝ զգաստացնելու էն մարդկանց, ովքեր հետևում են էդ կարգուկանոնին։ Չգիտեմ՝ սա ինչքան կտևի ուղղակի», - ասաց Ալեքսանյանը՝ շեշտելով դա երբեք չի արվել։

«Համենայն դեպս, Սուրեն Պապիկյանը չի մտնում, այսպես ասած, կոնտակտի մեջ, ծնողները խնդրում են, որ հանդիպեն։ Հիմա քննում են վարչապետի վարկածը, մենք չգիտենք՝ ով է պատմել, ինչ է պատմել, որքանով վստահենք։ Ուզում եմ ասել, որ այս դեպքից սկսված է, չէ՞, նա այդ այցը կատարում, ուրեմն սա պետք է բացահայտվի ամենայն մանրամասնությամբ, բոլոր հանգամանքները, ինչը ես խիստ կասկածում եմ», - եզրափակեց իրավապաշտպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինվորների հարազատներն այցելել էին դեպքի վայր՝ մի շարք անպատասխան հարցերով