Արցախում աշխատանքը կորցրել է գրեթե հինգ հազար մարդ

51 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքը կորցրած մարդկանց թիվը գնալով մեծանում է՝ հասնելով գրեթե 5 հազարի։

Ստեփանակերտում ու շրջաններում բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են ապրուստի միակ միջոցից։ Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ շինարարական ընկերություններից մեկում խոհարար աշխատած Աիդա Բաբայանն ասում է՝ մեկ օրում իրենց ամբողջ ընտանիքը փաստացի գործազրուկ է դարձել: - «Իմ եղբայրը չի աշխատում, որը որ աշխատում էր Երևան - Ստեփանակերտ տաքսի էր քշում, ֆսյո, էլ գործ չկա։ Ես ու տղաս էլ աշխատում էինք շինարարական կազմակերպությունում, նույնպես գործ չկա, կազմակերպությունը փակվեց»։

48-ամյա ստեփանակերտցին չգիտի՝ ինչպես են ապրելու, նեղսրտում է՝ հարազատներն ինչքան կարող են օգնել։ Պետությունից ստացած սննդի կտորնների մեծ մասն էլ դեռ չեն հասցրել օգտագործել, գումար չունեն. - «Զանգում են լույսի կանտորից, ասում են լույսի փողը։ Կտրոններ են տվել, որը որ ես մինչև հիմա չեմ վերցրել, բացի կես կիլո պեսոկից ու կես կիլո գրեչկայից... Ես չեմ կարողանում»։

Բայց միայն սննդի, կոմունալների վճարման մասին չեն մտածում։ Տունը, որտեղ ապրում են, վարձով է։ Չեն կարող վճարել։ Տանտերն էլ Երևանում է մնացել, նրան էլ է գումար անհրաժեշտ։ Դիմել է պետական գերատեսչությունների, սակայն ապարդյուն. - «Ուղարկում են էս մի կաբինետ, էն մի կաբինետ... մենակ հարցնում են իմ հոգսերի մասին ու ֆսյո։ Ո՞վ ա ինձ ասել արի ես քեզ օգնեմ էսինչ հարցով»։

Մարտունիից Լյուդմիլա Սարգսյանն էլ տարեսկզբից է գործազուրկ դարձել, վաճառողուհի էր։ Դժվար իրավիճակում հայտնված տիկին Լյուդմիլայի ընտանիքը ևս պետությունից աջակացություն չի ստացել. - «Ծերը ծերին հասցնում ենք զոռով»։

Հոսանքի, գազի, ջրի վարձերն արդեն պետք է վճարեին։ Թե ինչպես մարելու պարտքերը՝ չգիտի, բազմանդամ ընտանիքից միայն որդին է աշխատում. - «Մեծ ընտանիք ենք, մի հատ աշխատող ա, տղաս ա աշխատում։ Դե ես էլ տունը նստած եմ, հարսս տունն ա, էրեխեքը երկուսը չափահաս են, երկուսը փոքր են։ Մեկը չորս տարեկանը, մեկը տասներեք տարեկան»։

Արցախում օր-օրի իրավիճակը բարդանում է։ Արդեն սովորական են դարձել հոսանքի, գազի պարբերական անջատումները, ժամերով հերթերն ու խանութների դատարկ ցուցափեղկերը։

Ստեփանակերտից հայտնում են, բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն կա։ Օպերատիվ շտաբի նիստում կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նույն ընթացքում Բաքվից շարունակում են պնդել՝ Լաչինի միջանցքը բաց է, բազմաթիվ մեքենաներ են անցնում։ Մինչդեռ ճանապարհով միայն ռուս խաղաղապահնների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շարասյունները հնարավորություն ունեն անցնելու։

Միջազգային կազմակերպության ուղեկցությամբ, ի դեպ, Արցախից այսօր երեք հիվանդ է տեղափոխվել Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առողջապահության նախարարն ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել են Հայաստանի առողջապահության նախարարն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։ Նախարարությունից տեղեկացնում են՝ Անահիտ Ավանեսյանը Թեդրոս Հեբրեյեսուսի հետ, մասնավորապես քննարկել է առաքելություն ուղարկելու հնարավորությունը՝ տեղում վիճակը գնահատելու, անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու համար: