«Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ», - երեկ Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, բնակչության հետ հանդիպումների ժամանակ, ասել է Արցախի պետնախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով․ - «Դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով»։
Ըստ Արցախի կառավարության՝ Վարդանյանը խոսել է այն մարտահրավերների և խնդիրների մասին, որոնց պետությունն ու հասարակությունն առերեսվում են ադրբեջանական շրջափակման պատճառով, ներկայացրել Օպերատիվ շտաբի կողմից ճգնաժամային իրավիճակում հրատապ խնդիրների լուծման, ապաշրջափակման ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում կատարվող աշխատանքները։
Հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ ոչ մի շրջափակում չի կարող կոտրել հայրենի հողում իրենց արժանապատիվ կյանքը շարունակելու հաստատակամությունը, ասված է հաղորդագրությունում։
Վարդանյանն անցած շաբաթ էլ այցելել էր Ասկերանի շրջան, հանդիպել բնակիչների հետ, հավաստիացրել, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ։
50-րդ օրն է ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան