Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի կրկին պնդել է՝ մայիսին կայնալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունն օրինական է՝ հերքելով ընդդիմադիր դաշինքի պնդումները, թե ինքը չի կարող մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին երկու անգամ՝ 2014 և 2018 թվականներին ընտրվելուց հետո։
Սահմանադրության համաձայն, նույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն երկու անգամ։
Էրդողանը կրկին շեշտել է, թե 2018-ի ընտրությունների արդյունքներից հետո երկիրն անցել է կառավարման նոր համակարգի և, ըստ այդմ, ինքը ևս մեկ անգամ ընտրվելու իրավունք ունի։
Էրդողանը քննադատել է ընդդիմությանը, իր խոսքով, անհիմն փաստարկների համար:
«Դե, քանի որ տեսնում են թեկնածու չեն գտնում, հարձակվում են իմ թեկնածության վրա։ 2017-ին Սահմանադրությունը փոխվեց ժողովրդի քվեով այնքան հստակ, որ կասկածի տեղ չի թողնում», - ասել է Թուրքիայի նախագահը՝ կիրակի օրը կայացած հնարահավաքին։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան նախատեսվածից մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին։ Էրդողանի թիմը սա բացատրել է նրանով, որ հունիսին ընտրությունները կհամընկնեն ամառային արձակուրդների սեզոնի հետ, երբ մարդիկ ճանապարհորդում են։
Վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը փետրվարին է հայտարարելու նախագահի իր թեկնածուի անունը, նրան, ով կվիճարկի Էրդողանի 20-ամյա իշխանությունը:
Էրդողանի հիմնական հակառակորդներից է 17 միլիոնանոց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով մեծ հեղինակություն է վայելում քաղաքում։
Հանրային վերջին հարցումների արդյունքները վկայում են՝ պայքարը մայիսին կայնալիք ընտրություններին լարված է լինելու, ու թեև դեռ հայտնի չէ, թե ով է լինելու Էրդողանի հիմնական հակառակորդը, վերլուծաբաններից շատերի կարծիքով, ընդդիմության թեկնածուի և Էրդողանի շանսերը հավասար են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլի դատարանն ազատազրկման դատապարտեց նախագահ Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուին