Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը. Դոնֆրիդ

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդ, արխիվ

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդ, արխիվ

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում։

Պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ: Դոնֆրիդն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, Բաքուն պնդում է՝ ճանապարհը շրջափակված չէԲլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքըԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, հիշատակել է «Մոսկվայի և Թեհրանի ակտիվությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լաչինի միջանցքի հարցով Մոսկվան «մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ»

«Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը», - փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:

Դոնֆրիդի խոսքով՝ հայ - ադրբեջանական բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը:

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում», - նշել է նա: