Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Երեկ Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։

«Մեկօրյա հանդիպումն արտացոլում է երկու կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաջորդ կարևոր քայլ», - ասված է տարածված համատեղ հաղորդագրությունում:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Եվրոպական միության և ավելի լայն տարածաշրջանի համար առկա առանցքային անվտանգային հարցերին, մասնավորապես եվրոպական անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի արգելափակման հետ կապված աճող մարդասիրական մտահոգություններին, ասված է հաղորդագրությունում:

Վահե Գևորգյանը նշել է. - «Հայաստանն ուրախ է հյուրընկալելու ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը, որը կարևոր ձևաչափ է միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկման համար։ Հայաստանի միջազգային սահմանների մշտադիտարկման գործում Հայաստանն ակնկալում է Հայաստանում ԵՄ առաքելության հետ ամուր համագործակցություն։ Հայաստանն արժևորում է բոլոր միջնորդական և խթանման գործողությունները՝ ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը, ինչն էական է Հայաստանի տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»։

Էնրիկե Մորան հայտարարել է. - «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ Ընդամենն օրեր առաջ մենք հաստատել ենք ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստանում, որի նպատակը տեղում կայունության ամրապնդմանը, մարդկային անվտանգությանը և վստահության ձևավորմանը նպաստելն է։ Այսօր մեկնարկած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստն արտահայտում է արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերում համագործակցությունն ընդլայնելու մեր փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը աշխատել միասին՝ ի շահ խաղաղության, անվտանգության ու կայունության, հատկապես ներկայիս՝ մարտահրավերներով լի միջազգային համատեքստում, որը բնորոշվում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատերազմով»:

Հանդիպման ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը հաստատել են հանձնառությունը՝ աշխատելու հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների։ Այս համատեքստում կողմերը քննարկել են այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայումը։ Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործունեության և ԵՄ ղեկավարությանը ներկայացվելիք զեկույցների միջոցով կնպաստի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորությամբ իրականացվող ջանքերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը հաստատել է Հայաստանում դիտորդական առաքելություն ստեղծելու որոշումը

«Մտքերի համապարփակ փոխանակման ընթացքում երկխոսության մասնակիցները նաև քննարկել են ավելի լայն տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգային այլ խնդիրներին առնչվող հարցեր», - ասված է հաղորդագրությունում:

ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստերը նախատեսվում է անցկացնել պարբերաբար՝ ամենամյա սկզբունքով:

Նույն օրը Էնրիկե Մորային ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում: Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը, ասված է Արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում: