Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Երևան կատարած իր այցի ընթացքում քննարկել է խաղաղության գործընթացի առաջմղումն ու Եվրամիության ներգրավվածությունը դրան։
Եվրոպացի դիվանագետը հայաստանցի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ հանդիպումից այլ մանրամասներ չի հայտնել՝ հստակ չպատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Եվրամիությունը քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, և արդյոք հնարավո՞ր է այդ հանդիպումը՝ հաշվի առնելով բանակցությունների դադարն ու կողմերի տարաձայնությունները։
«Իմ այցի ընթացքում ես իսկապես քննարկել եմ խաղաղության գործընթացի առաջմղումը և Եվրամիության ներգրավվածությունը: Երևանյան իմ հանդիպումների առանցքում էր նաև Լաչինի միջանցքի շուրջ մտահոգիչ իրավիճակը:
Հույս ունեմ, որ բոլորի համար ընդունելի լուծմանը հնարավոր կլինի հասնել հնարավորինս շուտ: Իրավիճակը կայուն չէ, բոլոր խնդիրները պետք է քննարկվեն երկխոսության միջոցով», - «Ազատությանն» ասել է Տոյվո Կլաարը։
Կլաարին ընդունել են ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը:
Պաշտոնյան Երևան է ժամանել այսօր՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։