Ռուսական ուժերն այսօր հրթիռակոծել են Կիև, Վիննիցան և Օդեսան

Հրթիռներից մեկն ընկել է Վիննիցայի կենտրոնում

Ռուսական ուժերն այսօր դարձյալ ռմբակոծել են ուկրաինական բնակավայրերն ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Պայթյուններ են որոտացել Կիևում, Վիննիցայում և Օդեսայում։ Պաշտոնական Կիևի փոխանցմամբ, հրթիռների ու անօդաչուների հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10-ը։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեղեկացրել է, որ Ռուսաստանն այսօր արձակել է 55 օդային և ծովային հրթիռ, որոնցից 47-ը կարողացել են խոցել։

Զանգվածային հերթական ռմբակոծությունը հաջորդում է Ուկրաինային մարտական տանկեր մատակարարելու Բեռլինի ու Վաշինգտոնի որոշումներին։ Այս պահին հայտնի է, որ Կիևը կստանա առնվազն 14 բրիտանական Challenger, մոտ 30 Leopard Գերմանիայից և Լեհաստանից, և 31 գերարդիական Abrams տանկեր Միացյալ Նահանգներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը Կիևին երեք տասնյակ M1 Abrams տանկեր է տրամադրումՆԱՏՕ-ի երկրները նաև հարձակողական սպառազինություն կտրամադրեն Ուկրաինային Բեռլինը պաշտոնապես հայտարարեց Կիևին 14 միավոր Leopard 2 հատկացնելու մասին


Երեկ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրեց, որ իրենց Leopard-ները Ուկրաինա կհասնեն գարնանը. - «Տարվա առաջին եռամսյակի վերջում տանկերը կհասնեն Ուկրաինա, կարծում եմ` մարտի վերջին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. «Տանկեր տալով Ուկրաինային` Արևմուտքն ուղղակի ներքաշվում է հակամարտության մեջ»

Ու մինչ Արևմուտքից հայտարարում են, որ արևմտյան տանկերի փոխադրումը Ռուսաստանի դեմ ուղղված հարձակողական սպառնալիք չէ, և դրա նպատակն է օգնել ուկրաինացիներին «բարելավել բաց տեղանքներում մանևրելու ունակությունը», Կրեմլը մեղադրում է Արևմուտքին հակամարտությանն ուղղակի մասնակցության համար։

«Եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում մշտապես հավաստիացնում են, թե սպառազենի տրամադրումը չի նշանակում ներգրավում, բայց մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իսկ ահա նախագահ Վլադիմիր Զելենսկին, շնորհակալություն հայտնելով տանկերի մատակարարման որոշման համար, հորդորել է դրանք հնարավորինս շուտ ուղարկել Ուկրաինա: Իսկ հաջորդը պետք է կործանիչները լինեն, ասում է Զելենսկին. - «Այսօր ես խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Անհրաժեշտ է նաև սկսել Ուկրաինայի համար հեռահար հրթիռներ և ինքնաթիռներ մատակարարելու շուրջ քննարկումները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրների առաջնորդներին


Մի քանի ամիս առաջ անհնարին թվացող տանկերի մատակարման որոշումից հետո Կիևը Արևմուտքից արդեն գերժամանակակից կործանիչներ է խնդրում։ Ընդ որում, չնայած հակամարտության սրման մտավախությանը, Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները քննարկում են այդ հարցը, գրում է ամերիկյան Politico-ն՝ վկայակոչելով արևմտյան իր աղբյուրները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Politico. Արևմուտքը քննարկում է Ուկրաինային մարտական օդանավեր տրամադրելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Գերագույն Ռադայի պատգամավոր Եգոր Չերնևը Ազատության Настоящее время ծրագրի եթերում հայտնել է, թե F-16 կործանիչների մատակարարման հարցը Կիևը բարձրաձայնել է պատերազմի հենց սկզբից. - «Պարզապես պետք է շարունակել բանակցությունները և ստանալ այդ F-16-երը: Սա հաջորդ փուլն է: Կարծում եմ, որ մեր տանկային լոբբին այժմ կվերակազմավորվի ավիացիոն լոբբիի, մենք պետք է ստանանք F-15, F16»:

Մինչ այդ ռուսական կողմը հայտնում է ճակատում հաջողությունների մասին։ Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտնել են, որ ռուսական զորքերը Դոնեցկի շրջանի Ուգլեդար քաղաքի մատույցներում են։ Ուկրաինական կողմը սա չի հաստատում։ Ռուսները երեկ նաև հայտնել էին, թե կատաղի մարտեր են ընթանում Բախմուտի արվարձաններում, ստույգ տեղեկություն, սակայն, այս մասին դեռ չկա։ Ուկրաինայի գլխավոր շտաբը երեկ միայն հայտարարել էր , թե ուկրաինական ուժերը թողել են Բախմուտից տասը կիլոմետր հեռու գտնվող Սոլեդար քաղաքը, որի գրավման մասին ռուսները հայտարարել էին դեռևս հունվարի 13 ին։