Մատչելիության հղումներ

Politico. Արևմուտքը քննարկում է Ուկրաինային մարտական օդանավեր տրամադրելու հնարավորությունը


F-16 Block 70 տեսակի ամերիկյան արտադրության մարտական օդանավ, արխիվ
F-16 Block 70 տեսակի ամերիկյան արտադրության մարտական օդանավ, արխիվ

Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինային մարտական կործանիչներ տրամադրելու հնարավորությունը:

Այդ մասին հայտնում է Politico հանդեսը, որը վկայակոչում է արևմտյան բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին:

«Ուկրաինային հրասայլեր փոխանցելու համար պայքարը սոսկ սկիզբն էր, հաջորդ քայլը կործանիչների տրամադրումը կլինի»,- Politico-ին ասել է եվրոպական երկրներից մեկի անանուն դիվանագետը:

Օդանավերի խնդիրն ավելի բարդ է հրասայլերի համեմատությամբ: Եվրոպայում մեծ թվով կառավարություններ այլևս կասկածի տակ չեն առնում դրա նպատակահարմարությունը, բայց և մտահոգություն ունեն, որ օդանավերի տրամադրումն է'լ ավելի կսրի Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտնել է Ուկրաինային Abrams տեսակի 31 հրասայլեր փոխանցելու մասին, իսկ Գերմանիան այլ երկրներին պաշտոնապես թույլատրել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տեսակի հրասայլեր:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Եգոր Չերնևն ասել է, որ Կիևը դեռ պատերազմի սկզբից է խնդրել F-16 տեսակի օդանավեր տրամադրելու մասին:

«Այդ օդանավերը կարող են և՛ ՀՕՊ գործողություն կատարել ու խոցել Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները, և՛ պաշտպանել ցամաքային ստորաբաժանումներն ու օդում առավելություն ապահովելով՝ նպաստել հետևակի հակագրոհներին», - ասել է Չերնևը:

XS
SM
MD
LG