Ադրբեջանի իշխանությունը նպատակ ունի կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը. Փաշինյան

Երևանի ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը Արցախում տնտեսական ու հոգեբանական ճնշումն այնպիսի կետի հասցնելն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները միջնացքը բացվելուն պես զանգվածաբար հեռանան սեփական բնակավայրից, Արցախի շրջափակման 46-րդ օրը հայտարարեց Հայաստանի վարչապետը։

«Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը», - կառավարության նիստում այսօր նշեց նա։

Ընդ որում, Փաշինյանի խոսքով, Բաքուն պլանավորում է որևէ պահի մի քանի օրով բացել միջանցքը, ապա կրկին փակել՝ շարունակելով ճնշումները հայերի նկատմամբ. - «Ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել։ Եվ այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։ Սա իհարկե էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»։

Արցախում էթնիկ զտման գնալու Բաքվի մտադրությունների մասին Երևանը մինչև միջանցքի շրջափակումը ևս ահազանգում էր։ Այն ժամանակ սակայն միջազգային որոշ գործընկերներ դրան թերահավատորեն էին վերաբերում։ Հիմա, կարծում է Փաշինյանը, շրջափակման պայմաններում տեսակետերը դանդաղ, բայց փոխում են. - «Դեր ունեցավ նաև սույն թվի հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված չակերտավոր բնապահպանական ակտիվիստների կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք ադրբեջանցիներին էին տարածել, և որը աշխարհում լայնորեն տարածվեց»։

Սննդի մատակարարումը, մարդկանց տեղաշարժը անհնար դարձնելուց բացի, Բաքուն ակտիվորեն կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, նկատեց Փաշինյանը։

Երեկ Արցախում գազի մատակարարումը վերականգվեց միայն ուշ երեկոյան, այն էլ՝ մասնակի։ Ադբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հատվածում վնասված են նաև Հայաստանի Արցախ գնացող էլեկտրական հոսանքի բարձրավոլտ գծերը, իսկ տեղական էլեկտրաէներգիան բավարար չէ տնտեսության ու մարդկանց սպառման պահանջների համար։

Այսպիսի մեթոդներով Արցախի հայությանը իր բնակավայրից վտարելը Ադրբեջանի միակ նպատակը չէ։ Ըստ Փաշինյանի, Բաքուն փորձում է տապալել նաև խաղաղության բանակցային գործընթացը. - «Հասկանալի է իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում։ Բայց պիտի կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»։

Բաքուն շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ չէ։ Երևանում կարծում են, որ Բաքվի հայտարարությունները ստուգելու համար ճիշտ կլինի, եթե միջազգային փաստահավաք առաքելություն մեկնի և տեղում ծանոթանա իրավիճակին։ Նման առաքելության հեռանկարի մասին, սակայն, այս պահին ոչինչ հայտնի չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «բացարձակ սուտ» է անվանում Հայաստանի հայտարարությունները Լաչինի միջանցքի փակման մասին

Մինչ այդ Հայաստանում ընդդիմադիրները շարունակում են հայտարարել, որ Երևանը ձեռքերը լվացել է Արցախից, և այս իրավիճակում պետք է ամեն ինչ անել միջանցքը բացելու համար։ «Ազատության» տաղավարում այս տեսակետը վերահաստատեց «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը. - «Ադրբեջանը ձգտում է Արցախի նկատմամբ վերահսկողություն վերահաստատել, որը կորցրել է դեռևս 88 թվականին։ Եվ դա եղավ այն բանից հետո, երբ Փաշինյանը և Ալիևը ստորագրեցին Պրահայի հայտարարությունը, երբ Հայաստանի իշխանությունները ուղղակի ձեռքերը լվացին, հայտարարեցին՝ Ղարաբաղը և Ադրբեջանը թող գնան միասին բանակցեն։ Ինչ ուզում եք արեք, ինչքան գեղեցիկ խոսքերով դա փաթեթավորեք, դա նշանակում է՝ ես այլևս Ղարաբաղի հարցով չեմ զբաղվելու։ Հայաստանի քաղաքականությունից ադրբեջանցիք ոգևորվեցին և փակեցին Լաչինի միջանցքը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, պարտավո'ր է միջամտել, պարտավո'ր է ջանքեր գործադրել, որպեսզի բացվի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հրդեհի մեղավոր է նշանակել. Արթուր Խաչատրյան

Ի՞նչ կարող է անել այս իրավիճակում Երևանը։ Հնարավորություն չունենալով միջանցքը բացել ռազմական ճանապարհով՝ մնում է դիվանագիտական ջանքեր գործադրել, ասում է Արցախից նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ Ըստ նրա, այնպես չէ, որ միջազգային հանրության կոչերի հանդեպ Բաքուն ամբողջովին անտարբեր է։

Լաչինչ միջանցքի հարցով Բաքվի հետ չբանակցելով, Երևանը փորձում է վերականգնել Ստեփանակերտի դերակատարումը որպես առանձին սուբյեկտ, կարծում է Աթանեսյանը. - «Հայաստանը խնդիրը հասցեագրում է Բաքու - Ստեփանակերտ երկխոսությանը՝ ռուսական կողմի միջնորդությամբ կամ երաշխավորությամբ, որովհետև ի վերջո նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կողմ է Ռուսաստանը։ Կարծում եմ, վարչապետ Փաշինյանի հասցեագրումները գուցե նաև այս ենթատեքստը ունեն։ Սա ամենահեշտ տարբերակն է, որ ասենք՝ դե հիմա Հայաստանն ա պատասխանատու։ Եթե Հայաստանն ա պատասխանատու, ապա Արցախը ինչո՞ւ ունի իշխանություն, ինչո՞ւ են Արցախում ընտրություններ կազմակերպում, ինչո՞ւ այսօր Արցախում կա իշխանության համար պայքար»։

Մինչ Երևանը միջանցքի փակման ճգնաժամի հարցում օգտագործում է իր դիվանագիտական ու քաղաքական հնարավորությունները, Ստեփանակերտը փոխարենը պասսիվ է, կարծում է արցախցի քաղաքական մեկնաբանը։ Ըստ նրա, Ստեփանեկտրը պետք վերցնի քաղաքական պատասխանատվությունն իր վրա ու ու Բաքվի հետ երկխոսելով՝ գտնի հարցի փոխադարձ ընդունելի լուծումը. - «Ստեփանակերտը պետք է քաղաքականապես կողմնորոշվի և պատասխանատվություն ստանձնի։ Բավական է ծնկան վրա գրած հայտարարություններ տարածել, մեղադրել այս մեկին, մեղադրել էն մյուսին, մեղադրել միջազգային հանրությանը... Ստանձնել պատասխանատվություն՝ գնում ենք Ադրբեջանի հետ քննարկումների, թեև սահմանում ենք կարմիր գիծ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե սահմանում ենք էս կարմիր գիծը, ապա սա տանում է միայն դեպի զինված ապստամբություն»։

Նախկին պատգամավորի կարծիքով, Արցախի իշխանությունների սահմանած կարմիր գծերը, որոնց մասին վերջին անգամ հայտարարեցին նաև հունվարի 11-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո, հնարավորություն չեն տալիս Բաքվի ու Ստեփանակերտի միջև խոսակցության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից ՀՀ-ին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանմամբ