Զինվորական կացարանում 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալվել է Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանը։ Նա պատասխանատու է թիկունքի և կոմունալ շահագործման համար։
Զինվորականին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ըստ Դատախազության, Աղաբեկյանը պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման համար, իր պարտականությունները չի կատարել, չի ապահովել զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, արդյունքում՝ անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Արդեն միջնորդություն է ներկայացվել դատարան, նրան կալանավորելու համար։
Կառավարության նիստում, գլխավոր դատախազն ասաց, թե այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական վարույթներ կհարուցվեն։ Թե ովքեր են այդ անձինք, Աննա Վարդապետյանն անուններ չհնչեցրեց։
«Անձանց անունները չբացահայտելն ընդամենը նպատակ ունի ապահովելու այդ անձանց փախուստի բացառման հնարավորությունը», - ասաց նա:
«Ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է»
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բենզինով վառարանը վառելու պաշտոնական վարկածը կասկածի տակ դնող քննարկումներին։ Այդ վարկածը առաջինը հենց վարչապետն էր ներկայացրել։ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ի՞նչ ենք թաքցնում հանրությունից։
«Որոշ մարդկանց մեկնաբանությունը կարդում ես՝ նենց տպավորություն է, որ այդ հրդեհը ոչ թե իմ նկարագրած կամ մեր նկարագրած բենզինի հինգ լիտրանոց տարայի օգտագործման պատճառով է բռնկվել, այլ ինչ-որ այլ բան է տեղի ունեցել: Ի՞նչ ենք մենք թաքցնում հանրությունից, որովհետև երբեմն տպավորություն է, որ ինչ-որ լրատվականների հետևում ես, որ այստեղ նախաքննությունը և կառավարությունը զբաղված է այդ դեպքի շուրջ անեմ ինչ թաքցնելով», - հարցրեց Փաշինյանը:
«Ոչ մի բան մենք չենք կարող թաքցնել և մտադրություն չունենք թաքցնելու, Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է», - պատասխանեց Վարդապետյանը:
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն էլ հավելեց. «Բոլոր հարցաքննված վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը, այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»:
Ի դեպ, Քննչական կոմիտեի նախագահի նշած օրապահը՝ շարքային Լյովա Խառատյանն է, ով դեռևս հիվանդանոցում է։ Նա, ինչպես նաև պատուհանի ճաղավանդակներից դուրս եկած շարքային Գարուշ Սարգսյանն արդեն հարցաքննվել են։ Ըստ պաշտոնական վարկածի, բենզինով վառարանը թեժացրած կապիտանը՝ Եղիշե Հակոբյանը, դեռ չի հարցաքննվել՝ առողջական վիճակի պատճառով։
Մինչ զոհված զինծառայողների հարազատները կասկածի տակ են դնում պաշտոնական վարկածը, վարչապետն իր ներկայացրած վարկածը հիմնավորելու համար այսօր կրկին փակագծեր բացեց. «Կրակը մարած է եղել, զինվորը բերել է փայտեր է լցրել մեջը, որից հետո սպան ասել է, որ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, կկպնի, լրացուցիչ բան անելու կարիք չկա, սպան փորձել է վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից և այլն, որից հետ չգիտես ինչի որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Ընդ որում՝ վկան տեսել է էդ բենզինի տարան և բռնկված վիճակում ու սպայի հագուստը բռնկված վիճակում, նաև տարածքը բռնկված վիճակում և այդ ամեն ինչն այս պահին, գոնե, հիմնավորվում է»:
Փաշինյանը փորձեց պարզաբանել նաև այն հարցը, թե ինչ գործ ուներ բենզինը վաշտում, եթե բուլդոզերների աշխատանքի համար նախատեսված է դիզելային վառելիք. - «Ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար, որից հետո հարց է ծագել՝ բուլդոզարները դիզվառելիք են օգտագործում, բենզինն ինչ գործ ունի, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդոզերները գործարկելու համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զորամասի տարածքում բենզին չի եղել. դասակի հրամանատարը հերքում է պաշտոնական նախնական վարկածըՏեղում բենզինի առկայության մասին պաշտոնական վարկածը առաջինը հերքել էր զորամասի դասակի հրամանատարը։ Մինչդեռ ողբերգական միջադեպի հաջորդ իսկ օրը, Քննչական կոմիտեն տեղեկացրեց, թե վկաների ցուցմունքների համաձայն, այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
Գլխավոր դատախազն այսօր տեղեկացրեց, թե զինդատախազը հրաման է արձակել կայազորներին, որպեսզի տեղեկատվություն տրամադրվի բոլոր զորանոցների վիճակի մասին, նաև պարզելու են՝ արդյոք զորանոցներում կա 2 -րդ ելք, որպեսզի «թակարդի էֆեկետ չստեղծվի», ինչպես տեղի ունեցավ Ազատում տեղակայված զորամասի դեպքում։
Ինչո՞ւ զինդատախազը նմանօրինակ հրամանով ավելի վաղ հանդես չէր եկել, ինչո՞ւ որևէ պաշտոնյա չէր բարձրաձայնում զորանոցներում ստեղծված թակարդային իրավիճակի մասին, ինչը 15 զինվորի կյանք խլեց, այս հարցերի պատասխանները դեռևս չեն հնչել։