Ուկրաինական կողմը հաստատում է, որ Բախմուտը հայտնվել է շրջափակման մեջ

Ուկրաինայի գլխավոր շտաբն այսօր անուղղակիորեն հաստատեց, որ Բախմուտը հայտնվել է շրջափակման մեջ: Ըստ գլխավոր շտաբի առավոտյան զեկույցի, այն բնակավայրերի թվում, որտեղ ուկրաինացի զինվորականները վերջին 24 ժամում հարձակումներ են իրականացրել, հայտնվել է Ստուպոչկի գյուղը,որը գտնվում է Բախմուտը Կոնստանտինովկա քաղաքի հետ կապող ճանապարհին։

Սա այն մատակարարման կարևոր հանգույց էր Բախմուտը պաշտպանող ուժերի համար։ Այդ ուղղութւամբ ռուսները հարձակումներ են իրականացնում արդեն կես տարուց ավելի է։

Բախմուտի համար կռվող ուկրաինացի զինվորներն ասում են, թե դեռ կարողանում են ռուսներից պաշտպանել քաղաքը. - «Դեռ դիմանում ենք: Մենք սարի պես կանգնած ենք, գնդացիրներով տանկերի դեմ։ Դեռ դիմանում ենք»։

Ու մինչ ռուսները տանկերով առաջ են գնում դեպի Բախմուտ, արևմտյան երկրները քննարկում են, թե երբ, ինչ տանկեր և ինչ քանակի զենք տրամադրել Ուկրաինային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան կարող է թույլատրել Վարշավային Leopard տանկեր տրամադրել Ուկրաինային

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը երեկ երեկոյան հայտարարել է, թե Ուկրաինային օգնելու համար Գերմանիան պատրաստ է թույլ տալ Լեհաստանին ուղարկել իր տրամադրության տակ գտնվող գերմանական արտադրության Leopard-2 տանկերը. - «Եթե մեզ հարցնեն այդ մասին, մենք չենք խոչընդոտի»։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ավելի վաղ հայտարարել էր, որ Վարշավան իր գերմանական արտադրության տանկերը կուղարկի Կիև, նույնիսկ եթե Գերմանիան իր համաձայնությունը չտա. - «Մենք ձեռքներս ծալած չենք նստի, երբ Ուկրաինան արյունահոսում է», - գրել է Մորավեցկին Twitter-ում։

Մինչ այդ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր հայտարարել, թե չի բացառում Ուկրաինային ֆրանսիական Leclerc մարտական տանկերի մատակարարումները։ Վերջնական որոշում սակայն այս երկրներից որևէ մեկը դեռ չի ընդունել:

Արևմտյան առաջնորդները հայտարարում են, թե առաջիկա շաբաթները վճրորոշ են լինելու պատերազմի համար։ «Դրանք են որոշելու Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումը», - իսպանական «Էլ Մունդո» թերթին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը` հորդորելով Արևմուտքին հավելյալ աջակցություն, այդ թվում`սպառազինություն տրամադրել Ուկարինային. - «Հաջորդ երկու-երեք շաբաթները որոշիչ են, շատ բան կախված է առաջիկա շաբաթներից։ Դրանք կորոշեն մեր ապագան»։

Ուկրաինացի ռազմական փորձագետ Միխայիլ Ժիրոխովը «Ազատության» Настоящее время ծրագրի եթերում ասում է, թե արևտյան երկերները հավանաբար ունեն տեղեկւթյուն ռուսական նոր մեծ հարձակման մասին և փորձում են նախապատրաստել Ուկրաինային այդ հարձակմանը. - «Նման ռազմական օգնությունը հավանաբար վկայում է այն մասին, որ արևմտյան հետախույզներն ունեն ռուսական նոր լայնածավալ հարձակման մասին տվյալներ, և նման մատակարարումներով փորձում են պատրաստել Կիևին այդ հարձակմանը դիմադրելու համար։ Մատակարարվող նոր սպառազինությունից միայն տանկերն են համարվում և' պաշտպանական, և' հարձակողկան սպառազինություն, մնացածը պաշտպանական է»։

Արդեն շուրջ մեկ տարի տևող պատերազմի ողջ ընթացքում արևմտյան երկրները գրեթե ամեն օր հայտարարում են, թե Ուկրաինային միայն պաշտպանական զենք են տալիս՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական պպատերազմի կողմ չէ։ Իսկ Մոսկվան, չնայած արևմտյյան առաջնորդների զգուշավորությանը, Ուկրաինա ներխուժելու հենց առաջին օրից հայտարարում է, որ իրականում պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Արևմուտքի հետ հակամարտությունն այլևս հիբրիդային չէ»