«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել». Տոյվո Կլաար

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի ուղիներ գտնելու համար»,- Թվիթերում գրել էր Երևան ուղևորվող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եվրամիության նպատակը մնում է Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորումը», - հավելել է նա։

Նաև հումանիտար խնդիրներով մտահոգված՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի փակման հաջորդ իսկ օրը Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կառավարությունը հաղորդագրություն տարածեց, թե Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, ընդ որում՝ նշվում է, որ ընդգծել է միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը։

Վարչապետ Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամից, կարևորել միջազգային հանրության հասցեական արձագանքը։

Եվրամիության պաշտոնյան այսօր նախ պաշտպանության նախարարին հանդիպեց, նրա հետ ևս քննարկեց արգելափակված միջանցքի հարցը։

«Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները», - Ֆեյսբուքում գրել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Երևանյան քննարկումների առանցքում միայն Լաչինի միջանցքի ճգնաժա՞մն է. Եվրոպացի պաշտոնյայի օրակարգն ամբողջությամբ չէր բացահայտում։

Շրջափակման 43 օրերին պաշտոնյաները պնդում են՝ Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, ասում են, թե Արցախի իշխանություններն են խնդրով զբաղվում, իսկ միջանցքը բացելու հարցով պատասխանատու համարում Ռուսաստանին ու Ադրբեջանին։

Ի՞նչ են քննարկելու Հայաստանի իշխանությունները Եվրամիության ներկայացուցչի հետ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առավոտյան ասում էր՝ Լաչինի միջանցքի հարցը քննարկված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

«Հայության իրավիճակը այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, որն ըստ էության տեղի չի ունենում: Լաչինի Միջանցքի հետ կապված ամեն ինչ արդեն քննարկված և ստորագրված է, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նկատի ունեմ», - ասաց Սիմոնյանը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Կլաարի այցի նպատակներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելը. նոյեմբերից այս կողմ՝ մոտ երեք ամիս ո՛չ արտգործնախարարների, ո՛չ ղեկավարների մակարդակով հանդիպումներ չեն անցկացվում։ Իսկ Կլաարը այցին ընդառաջ շեշտադրել է Լաչինում ստեղծված ծանր իրավիճակը, ի՞նչ է սա նշանակում:

«Փաստացիորեն Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Ադրբեջանի կամ Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ մտնել Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի շուրջ, այդ առումով, իհարկե, հետաքրքիր է, որ Երևանի այս դիրքորոշումն անընդունելի է նաև Եվրամիության համար: Տեսնում ենք, որ Կլաարը իր թվիթերյան գրառման մեջ հենց շեշտադրում է կատարում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Պարզ է, որ այդ իրավիճակը քննարկվելու է Երևանի հետ: Կարծում եմ՝ կա հավանականություն, որ Երևանն, այնուամենայնիվ, հետ կկանգնի այդ դիրքորոշումից և ինչ-որ բանակցություններ Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ կվարի՝ իրավիճակի շուրջ», - նշեց Գրիգորյանը:

Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանի արտգործնախարարը դեկտեմբերի վերջին չմասնակցեց Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվելիք Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Քաղաքագետը բանակցությունից խուսափելն անլուրջ մոտեցում է համարում։

«Երևանում կա ընկալում, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը օգտագործվում է Հայաստանի դեմ Բաքվի և Մոսկվայի կողմից՝ այլ օրակարգերի զիջումներ կորզելու համար և դա է ներկայացնում որպես պատճառ բանակցություններից խուսափելու, բայց պետք է հասկանալ, որ այդ բանակցություններից հավերժ հնարավոր չի լինելու խուսափել: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չի լինի, մեկ այլ իրավիճակ է լինելու, և այդ հարցերը շարունակելու են օրակարգային մնալ», - ընդգծեց Գրիգորյանը:

Տոյվո Կլաարը Երևանում մեկ օր կանցկացնի, «Ազատության» տեղեկություններով՝ առաջիկայում կայցելի նաև Բաքու։