Մատչելիության հղումներ

Առաջիկայում կարող է եռակողմ հանդիպում կազմակերպվել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև


Առաջիկայում կարող է եռակողմ հանդիպում կազմակերպվել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև։ Արտգործնախարար Միրզոյանն այսօր «Արմենպրես»-ին ասել է, թե այժմ նման գաղափար է շրջանառվում՝ չհստակեցնելով՝ որտեղ կարող է լինել այդ հանդիպումը և երբ։

Միրզոյանի խոսքից դատելով`այս պահին միայն հստակ է, որ Երևանը համաձայնել է և հիմա էլ պատրաստ է, թեև նույն արտգործնախարարի խոսքով՝ «այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում», քանի որ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

Որտե՞ղ է շրջանառվել այդ հայտարարությունը, ո՞վ է դրա հեղինակը, և ինչո՞ւ այն չի հաջողվում համաձայնեցնել․ Արտգործնախարարությունից այսօր «Ազատության» հարցերին չարձագանքեցին։

Մինչ այդ՝ երեկ, Ադրբեջանի առաջնորդը Դավոսում պնդել էր, թե Երևանը հրաժարվել է կովկասյան երեք պետությունների մասնակցությամբ նոր ձևաչափ ստեղծելու առաջարկից։

«Մեր առաջարկությունն էր Վրաստանում երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ»,- ասել էր Ալիևը։

Սա վերջին օրերին պաշտոնական Բաքվից հնչող միակ կշտամբանքը չէ։ Օրերս Արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հրաժարվելով մեկնել Մոսկվա՝ Երևանը տապալել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»,- այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, խոսել միայն Բաքվի ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքներից ու պնդել՝ «այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։

Հայաստանի արտգործնախարարը հակադարձել է, թե «գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», և Երևանն է Բաքվից պատասխան սպասում։ «Մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել»:

Միրզոյանը նաև ասել է, թե Երևանը հետևում է միջազգային հանրության հորդորներին և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել»:

«Նաև Լաչինի միջանցքի՞ շուրջ», հարցին Միրզոյանը բացասական պատասխան է տվել, և ինչպես Ազգային ժողովի նախագահն էր օրեր առաջ հայտարարել, արտգործնախարարը ևս պնդել է՝ Հայաստանն այս հարցում բանակցային կողմ չէ։

«Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի», - նշել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարը օրեր առաջ, խոսելով փակ ճանապարհի մասին, պնդել էր՝ Բաքուն առարկություններ ունի դրանով տեղափոխվող բեռների վերաբերյալ։

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները»,- ասել էր Լավրովը։

Ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարն այսօր կրկին պնդել է, թե Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները հանվել են Հայաստանի տարածքներից, որոնք ադրբեջանական կողմն օկուպացրել է 2021-ից հետո Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով:

Արարատ Միրզոյանն, ի դեպ, հարկ է համարել ընդգծել, որ Հայաստանն ականապատել է միայն իր ինքնիշխան տարածքը՝ զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG