Ամիսներ առաջ Եռաբլուրում կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկված ծնողներն այսօր Քննչական կոմիտեում էին՝ ստանալու իրենց հուզող միակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ 5 ամսվա քննության ընթացքում չկա գեթե մեկ մեղադրյալ ոստիկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վայրի ցեղերի նման հարձակվեցին մեզ վրա, քաշքշում ու խփում էին մեզ». զոհվածի մայրԳոհար Դավթյանի որդին անհետ կորած է։ Տիկին Գոհարն ու պատերազմի զոհերի և անհետ կորածների մոտ չորս տասնյակ այլ ծնողներ ու հարազատներ անցած տարի Անկախության օրը փորձել էին ի նշան բողոքի արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն։ Նախքան վարչապետի ժամանելը, ոստիկանները ուժ կիրառելով, քաշքշելով ծնողներին բերման էին ենթարկել։
«Քերծվածք ունեի, հետագայում արտահայտվեց ձեռքերիս, ոտքերիս կապտուկները։ Հետո ողնաշարի ցավ ունեի... տարել գցել էին գետնին։ Եվ այլն», - ասում է Դավթյանը։
Թեև ծնողներն ամիսներ առաջ կրկին Քննչական կոմիտե էին գնացել իրենց բռնության ենթարկած ոստիկանների նկարներով, իրավապահները հայտարարում են՝ մեղադրյալ չկա, քննությունն էլ շարունակվում է, գործով տուժող է ճանաչվել 19 ծնող։
Ծնողներից Արմինե Մնացականյանն ասում է. - «Պարզ երևում ա, թե էնտեղ ովքեր են։ Ես չեմ էլ հետաքրքրվել ովքեր են, որովհետև կապ չունի ով ա։ Բռնություն ա գործադրվել, անարգել են ծնողներին... էդ արդեն բավական ա։ Ու պարզ ա՝ դեմքերը երևում ա։ Իրանց երբ պետք ա, շատ արագ՝ կես ժամվա մեջ պարզում են»։
Մնացականյանը հիշում է չարաբաստիկ այդ օրը ու տարակուսում՝ ինչո՞ւ են հապաղում քննիչները, երբ դեպքն արձանագրել են բազմաթիվ տեսախցիկներ։ Նրա 19-ամյա որդին պատերազմի օրերին զինակից ընկերների հետ շրջափակման մեջ էր ընկել այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրությում։ Կրտսեր սերժանտ Լևոնի հետ վերջին անգամ մայրը հոկտեմբերի 12-ին էր խոսել։ Որդու և ընկերների մահվան գործն այժմ դատարանում է, ամբաստանյալի աթոռին գումարտակի հրամանատարն է՝ անգործություն մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եռաբլուրից» բերման են ենթարկվել զոհված զինծառայողների շուրջ չորս տասնյակ հարազատներ«Մեծ հույս չունենք, որ կարմիրբերետավորները կպատժվեն», - ասում է ծնողներից Վահիդ Սահակյանը։ Սահակյանը Երևան է տեղափոխվել Արցախի Տող գյուղից, որը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին է անցել։ Նրա միակ որդին՝ Ժորան զոհվել էր պատերազմի 27-րդ օրը. - «Ընդամենը առերեսում արվել ա ընդամենը չորս մամայի հետ։ Որը շատ քիչ ա, որը մեզ բավարար չի։ Դրա համար էսօր հավաքվել ենք ստեղ՝ նորից պարզություն մտցնելու։ Համենայն դեպս, վարչության պետը նորից մեզ հավաստիացրեց, որ ամեն ինչ ընթանում ա օրենքի տառին համապատասխան։ Բայց մենք իհարկե չենք վստահում որևէ մեկին։ Մենք երևի էս էրկու օրը կհանդիպենք ավելի բարձր պաշտոնյայի հետ, որը մեզ անպայման կընդունի, որ պարզաբանում մտցնենք՝ ի՞նչն ա պատճառը, որ ձգձգվում ա»։
Մինչ քննիչները դեռ ուսումնասիրում են՝ ծնողներին Եռաբլուրից ուժով հեռացրած կարմիրբերետավորները խախտել են օրենքը, թե ոչ՝ ոստիկանությունն ավելի արագ է գործել՝ դատի տալով հենց ծնողներին «իրենց օրինական պահանջը չկատարելու համար»։ Արմինե Մնացականյանի ամուսինը ևս, ըստ ոստիկանության, կարգազանցների շարքում է։
Եռաբլուրի միջադեպից հետո իրավապաշտպանները դատապարտեցին ոստիկանությանը՝ բռնություն որակելով կատարվածը, և պահանջեցին ոստիկանապետի հրաժարականը։
«Եթե ոստիկանապետը պաշտոնանկ չարվի, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների պատասխանատվությունը կրելու է անձամբ վարչապետ Փաշինյանը», - հայտարարեցին նրանք։
Ամիսներ անց, սակայն, Փաշինյանը Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարար նշանակեց։