Եռաբլուրում կարմիրն բերետավորների երեկվա գործողություններից հետո 35 հասարակական կազմակերպություն պահանջում է ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։
Ոստիկանները երեկ վարչապետ Փաշինյանի այցից առաջ Եռաբլուրից քաշքշելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած տասնյակ ծնողների: Նրանք փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների գերեզմաններին։
«Սա բարոյական տեսանկյունից բացարձակ արդարացում չունի, սա նաև իրավական տեսանկյունից բացարձակ կրկին տրամաբանված չէր և որևէ կերպ իրավական տեսանկյունից ընդունելի չէր, և չպետք է նման բան արվեր», - «Ազատությանն» ասաց Փաշինյանի երբեմնի թիմակից, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նրա ղեկավարած կազմակերպությունն էլ այս ցանկում է։ Ասում է՝ եթե ոստիկանապետը պաշտոնանկ չարվի, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների պատասխանատվությունը կրելու է անձամբ վարչապետ Փաշինյանը. «Ամբողջությամբ այս պատասխանատվությունը, այո, հենց քաղաքական վերնախավինն է մնում, և ինձ համար` Նիկոլ Փաշինյանինը»:
Եռաբլուր Փաշինյանի առաջին աղմկոտ այցը չէր։ 44-օրյա պատերազմի ավարտից 40 օր անց ևս նա իր ճանապարհը փակած զոհերի հարազատների ու ազատամարտիկների բազմությունը ճեղքեց թիկնազորի օգնությամբ։ Այն ժամանակ էլ Փաշինյանը իր կուսակիցների ու համակիրների ուղեկցությամբ հասավ Եռաբլուր, թեև հայտարարվել էր, որ իր ճանապարհը փակելու համար բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել այնտեղ։
Փաշինյանը կարող էր խուսափել այս միջադեպից, համոզված է Գայանե Աբրահամյանը: Հատկապես, երբ այս անգամ էլ ակցիայի մասին ծնողները նախապես էին տեղեկացրել, նշում է նա:
«Պետք էր գտնել ձևը բանակցելու, և հնարավոր էր, վստահ եմ, այս մարդկանց հետ ինչ-որ կերպ բանակցել, և այդ ակցիան ևս կարող էր շարունակական լինել, և ի վերջո, կարող էր նաև գնալ և չմտնել, ցույց տար, որ այո, ես եկել եմ, այո, սա իմ պարտավորությունն է, իմ հանձնառությունն է մշտապես գալու և հարգելու գոնե իմ ներկայությամբ, եթե թույլ չեք տալիս, ես հարգում եմ ձեր որոշումը ու հետ դառնար», - ասաց նա:
Որդեկորույս մայրերին քաշքշելով, բաժիններ տանելով ի՞նչ են ասում այս պատերազմական օրերին սահմանին կանգնած զինվորին, հարցնում են իրավապաշտպանները. «Զավակը նաև պետք է մտածի կամ մտածում է վստահաբար այս ուղերձը ստանալուց իր ծնողի հիշատակ, իր ծնողին ինչպես են հարգելու»:
Կազմակերպություններն անընդունելի են համարում Ազգային ժողովի լռությունը խորհրդարանական երկրում կամ ոստիկաններին արդարացնելու իշխանության փորձերը։
«Եռաբլուրը մեր սրբավայրն է, մենք պարտավոր ենք անարգել մտնել այնտեղ, զինվորների, զոհվածների ծնողներից հարցնի, ասի՞` ե՞րբ թույլ կտաք, ես գնամ Եռաբլուր, հա՞», - ասում է իշխանական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Նա տարակուսած է հասարակակաան կազմակերպությունների պահանջից։
Այդ կազմակերպությունները թող գնան սահման, հակադարձում է իշխանության ներկայացուցիչը. «Պարտավոր են գնան սահման, տեսնեն կանգնած զինվորի վիճակը, դուխ տան»:
Վարչապետն է որոշում` երբ և ինչու պիտի գնա Եռաբլուր։ Ոչ մեկն իրավունք չունի արգելել, ասում է Փաշինյանի թիմակիցը. «Զոհվածների ծնողները պիտի էնքան լավ զգան իրենց, որ երկրի ամբողջ ղեկավարությունը գալիս է, խոնարհվում է իրենց երեխեքի դեմ»:
Չնայած իշխանությանն ու ոստիկանությանն ուղղված քննադատություններին, Փաշինյանը մինչ այս պահը որևէ կերպ չի անդրադարձել երեկվա դեպքին։
«Այսպիսի երևույթները տպավորություն են թողնում, որ ամենակարևոր հարցը, որ այսօր պետք է լուծեն իշխանությունները, իրենց իշխանություն մնալու և իրենց իշխանությունը պահելու հարցն է, և ոստիկանությունն այս դեպքում, գոնե երեկ լծվեց ամբողջությամբ այդ խնդիրը լուծելուն», - ասաց Գայանե Աբրահամյանը:
Պաատրա՞ստ է Վահե Ղազարյանը հրաժարական տալ։ Ոստիկանությունից հարցին չպատասխանեցին, իսկ ավելի ուշ հայտնեցին, թե ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է դիմել ոստիկանապետին չորս ծառայողի պատասխանատվության ենթարկելու համար` երկուսին աշխատանքից ազատեն, մեկին` խիստ, մյուսին սովորական նկատողություն անեն։