15 ժամկետային զինծառայող գիշերը հրդեհից մահացել է, 3-ը՝ վիրավորվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում: Այստեղ գյուղի լքված տներից մեկը ինժեներասակրավորային վաշտի կացարանն էր, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա: Կառավարության այսօրվա նիստում նախնական տեղեկություններ հնչեցին դեպքի վերաբերյալ:
«Օգտագործվել է նաև արգելված միջոց: Խոսքը վերաբերում է ավտոբենզինին», - մանրամասնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը, Քննչական կոմիտեի ղեկավարը շեշտում են նախնական վարկածը, որ կացարանի ջեռուցման հետ կապված հարց է եղել, բավականին հիմնավորված է: Կեսգիշերն անց սպան փորձել է վառարանը վառել բենզինով:
«Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ», - նշեց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զորամասի տարածքում բենզին չի եղել. դասակի հրամանատարը հերքում է պաշտոնական նախնական վարկածըՆիկոլ Փաշինյանն ասաց՝ առավոտյան իրեն ներկայացրել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությունը, որի կետերից մեկով բենզինով վառարան կպցնելն արգելվում է. «Խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»:
Պետք է պարզել, թե ով ինչ չի արել, պետք է պատասխանատվություն հետևի, ասաց Փաշինյանը: Պաշտոնանկությունների շարքը ինքը սկսեց, Պապիկյանն ավարտեց:
«Երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին, հանրապետության նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը», - ասաց վարչապետը:
Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետը, կորպուստի հրամանատարի տեղակալը, հավելեց նախարարը:
Այս պահի դրությամբ 10 բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից: Քրեական գործ է հարուցվել (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ): Ձերբակալվածներ չկան:
Դեպքի վայրի նկարահանումներից պարզ է դառնում, թե ինչպիսին էր զինվորների կացարանը սահմանամերձ գոտում, և ինչու այն հնարավոր չէր ջեռուցել ավելի քաղաքակիրթ տարբերակով: Վարչապետն ասաց՝ պարզ է՝ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց ինչ էլ լիներ, պիտի հակահրդեհային կանոնները պահպանվեին. «Այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չան, բայց դա չի ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած մարդ, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյոք հրաժարական կներկայացնի Սուրեն Պապիկյանը. իշխանությունը հարցն այս պահին տեղին չի համարում3 վիրավոր զինծառայողներն Այրվածքաբանական կենտրոնում են՝ մի զինվորը ոտքերի այրվածքներով հիվանդասենյակում է, երկուսի, այդ թվում՝ 27-ամյա սպայի վիճակը ծանր է:
«Երկու ծանր զինվորները, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, գնահատվում է ծանր իրենց վիճակը: Այնտեղ նաև գրանցված է շնչուղիների այրվածք», - տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը՝ հավելելով՝ զինծառայողները գիտակցություն ունեն, բայց շնչուղիների այրվածքն ընդհանրապես ռիսկեր ունի. «Բոլոր հիվանդները բոցից են այրվել, որովհետև եղել է կրակ, իսկ բոցից այրվածքները հարաբերական խորն են լինում»:
Զոհված 15 զինծառայողների անունները Պաշտպանության նախարարությունն ամբողջ օրն այդպես էլ չհրապարակեց: Գերատեսչությունից տեղեկացրին՝ սպասում են՝ նույնականացման աշխատանքներն ավարտվեն։