Լաչինի միջանցքի հարցը պետք է  քննարկեն Ադրբեջանը, ռուսական խաղաղապահ զորախումբը և Ստեփանակերտը. Վահրամ Աթանեսյան

Լաչինի միջանցքի հարցը պետք է քննարկեն Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը և պաշտոնական Ստեփանակերտը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, արցախցի հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը:

«Ազատություն». - Համաձա՞յն եք պաշտոնական Երևանի հետ, որ այս հարցով բանակցություններում չպետք է ներգրավվել, որովհետև դա նշանակելու է ենթարկվել շանտաժին՝ զիջումներ ճանապարհը բացելու դիմաց:

Աթանեսյան. - Ես լիովին կիսում եմ պաշտոնական Երևանի այդ տեսակետը: Եթե մենք այսօրվա իրավիճակի սկիզբ համարենք 2022 թվականի օգոստոսի սկզբի իրավիճակը, երբ Ադրբեջանը խնդիր էր դրել, որ Լաչինի միջանցքի երթուղին պետք է փոխվի, ապա այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բաքու-Ստեփանակերտ համաձայնությամբ: Իհարկե, այսօրվա Լաչինի միջանցքի հարցը պետք է քննարկեն Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը և պաշտոնական Ստեփանակերտը: Այս առումով Հայաստանի դիրքորոշումը, որ պաշտոնական Երևանը Բաքվի հետ Լաչինի միջանցքի հարցում չի բանակցում, ես կարծում եմ, արդարացված է:

«Ազատություն». - Իսկ արդարացի՞ են արդյոք գնալով կոշտացող, այդ թվում նաև պաշտոնական մակարդակում Ռուսաստանի հասցեին քննադատությունները, որ չի կատարում պարտավորությունները:

Աթանեսյան. - Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ պարզ ֆիքսված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Ձևակերպում է սա, որի համար պատասխանատվություն ունի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը, որովհետև այդ հայտարարության տակ կա նաև Վլադիմիր Պուտինի ստորագրությունը: Հիմա եթե 50, 200, 300 կամ 10 մարդ Շուշիի մերձակայքում փակում է ճանապարհը, դրանից ի՞նչ է հետևում, այսինքն, 20, 30, 50 խաղաղ անձեր, էկոակտիվիստներ, այսպես ասած, զինված ռուսական խաղաղապահ զորախմբից գրավե՞լ են Լաչինի միջանցքը կամ խաղաղապահները Լաչինի միջանցքը հանձնե՞լ են այդ էկոակտիվիստներին: Իրավիճակը սա է, պետք է գնահատել այնպես, ինչպես որ կա: